News

ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի կրթական ոլորտի հետ

Educational 2013-01-23

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները:

Տիկին Քերըն Հիլլարդը նշել է, որ հաստատվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը, որը, հիմք ընդունելով Հայաստանում կրթական բարեփոխումների հաջողված պատմությունը, նախատեսում է շարունակել կրթական ոլորտի համագործակցությունը՝ ներառելով նոր ուղղություններ: 

Շեշտելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, նախարարը կարևորել է աշխատաշուկայի զարգացմանը միտված համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Փոխադարձ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկին: 
 
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես համագործակցությունը բարձրագույն կրթության և միջհամալսարանական կապերի ամրապնդման ոլորտում: Որպես այս ոլորտում համագործակցության հաջողված օրինակ՝ նշվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը: Անդրադարձ է կատարվել նաև կրկնակի դիպլոմների, որակավորումների փոխճանաչման և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային հավատարմագրման խնդրին: 
 
Նշելով, որ Հայաստանը ներգրավված է Եվրոպական կրթական տարածքում, նախարարը միաժամանակ կարևորել է ամերիկյան կրթական ծրագրերով հավատարմագրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի կրթական ծառայությունների որակի բարելավման համար ու կնպաստի համակարգի միջազգայնացմանը: 
 
Նշվել է, որ հեռանկարային ուղղությունները կարող են հստակեցվել մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.