News

Հայոց լեզվի քննության գնահատականը բողոքարկել է ընդամենը 122 դիմորդ

Educational 2013-06-13

Հայոց լեզվի և գրականության քննություն հանձնած 8648 դիմորդներից արդյունքները բողոքարկել է 122-ը (1,4 %): Բողոքարկման արդյունքները ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կհրապարակեն հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում:
Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:
 
Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:
 
«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:
 
Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:
 
Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:
 
Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:
 
«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:
 
Հիշեցնենք, որ այս տարի Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:
 
Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների 5,6 տոկոսը:
 
7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:
 
Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:
 
Աղբյուրը` Ankakh.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.