News

Մխիթարյանի, Օզբիլիսի, Պիզելիի և Մանոյանի դասը «Կոկա-Կոլա գավաթի» հաղթողներին

Featured 2013-06-11

«Կոկա-Կոլա /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» առաջնության եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի օրը պարտվողներ չկային: Եվ պատճառը թանկարժեք նվերները չէին, որոնցով պարգևատրվեցին բոլոր մասնակիցները: Մարզադաշտում տոն էր, որը փոխանցվեց ոչ միայն հարյուրավոր երկրպագուներին (ինչը զգալի թիվ է նույնիսկ Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերի համար), այլ նույնիսկ երեխաներին պարգևատրելու եկած ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ովքեր նախօրեի դաժան պարտութոյւնից հետո իրենց մեջ ուժ գտան էլ ավելի արժեքավոր և հիշարժան դարձնել այդ օրը երեխաների համար:
Դավիթ Մանոյանը, Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին իրենց համեստությամբ և պարկեշտությամբ կրկին ապացուցեցին ապագա ֆուտբոլիստներին, որ բարձունքներ տանող ճանապարհը պարտադիր չէ, որ զուգորդվի աստեղային հիվանդությամբ և անհատի մարդկային կերպարի ոչնչացմամբ:
 
Ինչ վերաբերում է խաղերի ընթացքին, ապա դրանք զուրկ էին թեժ պայքարից: Երրորդ տեղի համար պայքարող Երևանի թիվ 84 դպրոցը ներկայացել էր գրեթե ամբողջությամբ փոփոխված կազմով. հիմնական թիմը փոխարինել էին կրտսեր կազմով, քանի որ մեծերն այդ օրը քննության էին: Իսկ մրցաշարի ժամանակացույցը հարմարեցված էր ազգային հավաքականի անդամների առօրյայի հետ: 84 դպրոցը ակնհայտ թույլ կազմով առաջին րոպեներից սկսեց իրար հետևից գնդակներ ընդունել սեփական դարպասը` պարտվելով 8:0 հաշվով Վեդու թիվ 1 դպրոցին և զիջելով բրոնզե մեդալները:
 
Եզրափակիչը նույնպես խաղ էր մեկ դարպասի ուղղությամբ, և դա Մարտունու 3-րդ դպրոցի թիմի պաշտպանած դարպասն էր, որը ողջ խաղի ընթացքում ընդունեց 7 գնդակ: Մարտունեցիներին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Իսկ առաջնույթյան հաղթող Չարենցավանի 3-րդ դպրոցի կազմում հերթական փայլուն խաղը ցուցադրեց Արթուր Կոշկարյանը, ով էլ տրամաբանորեն արժանացավ մրցաշարի լավագույն խաղացողի տիտղոսին:
 
Այսպիսով` «Կոկա-Կոլա գավաթ 2013»-ի խաղարկությունն ավարտված է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր դպրոցներն ունեն մեկ տարի` էլ ավելի ուժեղ թիմ հավաքելու, մարզելու և մյուս տարվա խաղարկությանը ներկայացնելու համար:
 
Մրցանակաբաշխության նկարները դիտեք այստեղ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.