News

Մեկնարկել է մաթեմատիկայի միասնական քննությունը

Educational 2013-06-11

Այսօր` ժամը 9:30-ին, մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 6970 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր այցելեց Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոն` հետևելու միասնական քննության ընթացին: Նա նշեց, որ շտեմարանների ներդրումով քննական պրոցեսն այս տարի ավելի խաղաղ է ընթանում, քանի որ դիմորդները հստակ պատկերացում ունեն, թե ինչ հարցեր են լինելու քննական թեստերում: 
 
Ընդհանուր առմամբ ԳԹԿ-ի տնօրենը քննական գործընթացը գնահատում է նորմալ: «Քննական պրոցեսի բարձրացմանը նպաստել է նաև հանրապետության բոլոր մարզերում կազմակերպված փորձնական քննությունները: Կարծում եմ, որ դա էլ իր նպաստավոր ազդեցությունն է ունեցել»,- ասաց Գ.Մելիքյանը:
 
Ինչ վերաբերում է շտեմարաններին, ապա ԳԹԿ-ի տնօրենը կարծում է, որ շտեմարանների շուրջ կազմակերպված մասնագիտական քննարկումները տվել են իրենց դրական արդյունքը: Ըստ նրա` հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննություններից հետո արձանագրել են, որ այս տարի թեստերը թերություններ չեն ունեցել: 
 
«Շտեմարանների հետ կապված միշտ էլ մասնագիտական վեճեր լինում են, կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում է, որ այսօր շտեմարաններում բավականին փոփոխություններ կատարվեցին: Այդուհանդերձ, մենք դեռ չենք համարում, որ շտեմարանները իդեալական են»,- նշեց Գ.Մելիքյանը` հավելելով, որ քննարկումները շարունակվելու են և հույս հայտնեց, որ հաջորդ քննությունների ժամանակ ավելի լավ շտեմարաններ են ունենալու: 
 
Անդրադառնալով «Մաթեմատիկա» առարկայի թեստերին, նա հայտնեց, որ եթե թեստերում ծրագրից դուրս հարցադրումներ լինեն, ապա որոշումները կայացվելու են բացառապես հօգուտ դիմորդների: 
 
ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Կարինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննությունը նորմալ է ընթանում, դիմորդներն էլ հանգիստ են:  Նրա խոսքերով` ԵՊՀ-ում քննություն պետք է հանձներ 247 դիմորդ, սակայն նրանցից 18-ը չեն ներկայացել քննությանը: 
 
Նշենք, որ 2013-13 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր է ներկայացրել շուրջ 15 000 դիմորդ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.