News

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Արզականի միջնակարգ դպրոց

Educational 2017-02-20

Գիրք նվիրելու օրվա առթիվ և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց՝ վարելով բաց դաս:
 
Դիմելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Գիրքը շատ կարևոր է և այն, իրար նվիրելով, մարդիկ փոխանցում են քաղաքակրթությունների կողմից դարերի ընթացքում ստեղծած կարևոր և արժանի արդյունք», իսկ այնուհետև հավելել է. «Որպես փոքր ժողովուրդ պետք է հասկանանք, որ մեր տեսակը պետք է պահպանվի, և դուք այդ տեսակի շարունակողը պետք է լինեք»:
 
Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց այդ դպրոցը, ասել է. «Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները:
 
Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»:
 
Լևոն Մկրտչյանը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային և պայմաններին: Նախարարը դպրոցին նվիրել է համակարգչային լսարան և գրքերի խմբաքանակ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.