News

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Educational 2017-02-10

Տոն է այսօր Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Տոն, որը ևս մեկ անգամ հայրենասիրության և ոգեկոչման ծիլեր է սերմանում աճող սերնդի հոգում: Հանդիսավոր երթով 7-րդ դասարանի սաները հայտնվում են բեմում: Նրանց լուրջ ու հավասարակշիռ կեցվածքը խոսուն է: Նրանց ասելիքը մեծ կշիռ ունի: Նրանք ևս կարևորում և ներկաներին պատմում և հիշեցնում են մեծն Գարեգին Նժդեհի մասին որպես հայրենասեր ու պատվախնդիր հայրենիքի պաշտպան, մեծ ժողովրդականություն վայելող հերոս: Նրա մաքառումները, անդուլ պայքարը, անմնացորդ նվիրումը Հայրենիքը սիրելու, նրա հողն ու ջուրը պաշտելու, այն թշնամուն չհանձնելու մեջ է: Նժդեհը փայփայում էր մի մեծ ու քնքուշ երազանք. Անկախ և ազատ տեսնել մեր հայրենիքը և հայ ժողովուրդը դառնա հավաքական ու միասնական մեծ ուժ: Նժդեհի գաղափարները հնչում էին միաձուլվելով հանդիսատեսի արձագանքներին, ժպիտներին: Երգերը, խրոխտ ու առնական ազգային պարերը, փոքրիկ բեմականացված դրվագները` նվիրված Նժդեհին, առավել հարուստ ու բովանդակալից դարձրեցին միջոցառումը, իսկ պատանիների սուր հայացքում ուրվագծվում էին Նժդեհի գաղափարների խոր ընկալումը և մեծ ձգտումը` նմանվել հերոսին, դառնալ նրա գաղափարների կրողը, դառնալ էլ ավելի նվիրյալ քաղաքացի, լինել այս երկրի` Հայաստան աշխարհի, մեր վաղվա կերտած ապագայի զինվորը: Դպրոցականների համար ամենավառ ու կարկառուն օրինակներ են հանդիսանում նաև ապրիլյան պատերազմի հերոսները, որոնք իրենց կյանքի գնով պահեցին հայոց սահմանները և փառքով պսակեցին իրենց անունները: Նրանք են անմահ Նժդեհի գործի շարունակողները: Գ.Բաբայան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.