News

Հայոց ազգային բանակ 25

Educational 2017-01-27

Միջոցառում Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում Ուղիղ 25 տարի առաջ կազմավորվեց ու ծնունդ առավ հայոց ազգային բանակը՝ նպաստելով հայոց պետականության ամրապնդման փուլին: Հայոց բանակը ծնունդ առավ Արցախյան պատերազմի սկզբներին, երբ մենք պատերազմ էին վարում Արցախի փրկության ու ազատագրման համար զինվորագրված հազարավոր կամավորականների ուժերով ու կյանքի գնով: Պատերազմին առաջին իսկ օրերից սկսած իրենց մասնակցությունն ունեցան մեր մի շարք համաքաղաքացիներ, այդ թվում նաև մեր դպրոցի նախկին սաներ Հովիկ Քալաշյանը, մականունը՝ Ուզբեկ, Գարիկ Մաթևոսյանը, մականունը՝ Շվարց և Աշոտ Գյուլզադյանը, որոնց հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում՝ իրենց արյամբ ներկելով ու ազատագրելով մեր հայրենի հողը: Եկեք փառք ու պատիվ տանք մեր բանակի բոլոր այն մարտիկներին, կամավորականներին, ովքեր մասնակցել կամ աջակցել են Արցախյան ազատամարտին և հարգենք նրանց հավերժ հիշատակն ու գլուխ խոնարհենք նրանց համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր հաղթանակի նվաճման ու խաղաղության հաստատման համար: Մեր բազմադարյա ու բազմաչարչար ժողովրդի պատմության մեջ 25 տարին ընդամենը մի ակնթարթ է, սակայն մեր բանակի համար շատ կարևոր ու նշանավոր իրադարձություններով հարուստ մի շրջան է այն: Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից ի վեր հայոց պատմության ու պետականության համար նշանավորվեց որպես մի նոր փուլ, երբ հայ ժողովուրդը՝ հանձին հայոց բանակի մարտի դաշտում սկսեց ունենալ վճռական ու բեկումնային հաջողություններ՝ շարունակելով անընդմեջ լրացնել փառավոր մարտերի հաղթարշավը: Հանձինս մեր ազգային բանակի՝ մենք վերագտանք դարերի թոհուբոհում կորցրած մեր մեծագույն պաշտպանին ու զորեղ ուժին, մեր պետականության ամենահուսալի հովանավորին: Այսօոր արդեն, մենք ունենք կազմավորված, կանոնավոր և կայացած ազգային բանակ, որն իհարկե լիովին տարբերվում է 25 տարի առաջ մեր ունեցած նորաստեղծ բանակից: Մենք պետք է ընդմիշտ հպարտանանք հայոց բանակով և ազգովին պահենք ու սրբերոն պահպանենք այն հզոր բազուկն ու բռնունցքը, որը կոչված է մեր պետության ու ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: Ուրեմն եկեք միմյանց շնորհավորենք մեր հայոց ազգային բանակի ծննդյան 25-ամյա տոնի առթիվ, և մեր բուռն ծափահարություններով նրան մաղթենք դարավոր հաղթական ու փառավոր երկար ճանապարհ, մեր հայրենի երկրում թող մեր բանակը ընդմիշտ ամուր ու անսասան կանգնած լինի մեր պետության ու ժողովրդի թիկունքին, թող միշտ մնա հաղթական ու իր սուրը միշտ փառքով դնի նա պատյան:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.