News

Dasaran-ի թիմը պարգևատրվեց «Ոսկե հուշամեդալ»-ով

Featured 2016-11-04

Ս.թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում՝ նախարարի ընդունելության դահլիճում, Կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի և Dasaran կրթական ծրագիրը՝ ի դեմս հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
«Ի վերջո, ստորագրվեց շատ կարևոր մի հուշագիր մեր համակարգի համար մեծ աշխատանք կատարած ծրագրի հետ: Իրապես, այն, ինչ կատարում է Dasaran-ը, իր որակով, իր ձևաչափով համաշխարհային ստանդարտների մեջ է»,-այս առթիվ նշեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
 
Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է հետևողականորեն բարելավելու Հայաստանում կրթության որակը, բարձրացնելու կրթության կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը, կիրառելու համաշխարհային կրթության և կրթական ձևերի լավագույն փորձը՝ այդպիսով իսկ վերածելով Հայաստանը կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի:
 
Հուշագրի կնքումը միտված է նաև Dasaran-ում առկա էլեկտրոնային գործիքների կատարելագործմանը և նորերի ստեղծմանը կրթական ոլորտի զարգացման գործընթացում առավել շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակով, աշակերտ-ծնող-դպրոց կապն ամրապնդող միջոցների համալրմանը, շնորհալի աշակերտների բացահայտմանն ու խրախուսմանը և այլն:
 
Միևնույն ժամանակ հաշվի առնելով Dasaran-ի՝ կրթության բնագավառում մինչ այժմ ներդրած զգալի ավանդը, միջազգային  հեղինակությունն ու նվաճումները (մասնավորապես՝  աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը ճանաչվելը) ՀՀ կրթության և գիտության նախարարը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին և ծրագրի թիմին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
 
Երախտագիտություն հայտնելով նման գնահատանքի համար՝ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նկատեց. «Նման գնահատականն ավելի է պարտավորեցնում մեր ամբողջ թիմին առավել նվիրված և առավել հետևողական լինել մեր գործում: Մենք հավատում ենք, որ մեր ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ մեր երկրի կրթական ոլորտը կհասցնենք առավելագույն զարգացվածության»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.