News

<<Բարեկամության կամուրջ>> - ը Սևանի N4 հիմնական դպրոցում

Educational 2016-10-28

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացված համադպրոցական միջոցառումը նվիրված էր հայ - ռուսական բարեկամությանը: Տոնականորեն ձևավորված դահլիճում ներկայացված էին երկու երկրների պետական դրոշները, զինանշաները, ազգային, ավանդական ուտեստներով ձևավորված սեղանիկներ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգերին հաջորդեցին ռուս մտավորականների` Հայաստանի մասին արտահայտած հիացական խոսքերը, աշակերտների կողմից գրագետ և անթերի ռուսերենով կատարված ասմունքն ու երգերը, որոնք ընդմիջվում էին հայկական և ռուսական ժողովրդական պարերով: Ներկաներին մեծ բավականություն պատճառեցին հայկական <<Պոպուրին>> ու <<Քոչարին>>, ռուսական <<Կալինկան>> ու <<Կատյուշան>>, այլ գեղեցիկ կատարումներ: Միջոցառման կազմակերպիչները` ռուսաց լեզվի ուսուցիչներ Անահիտ Գաբրիելյանը, Մարինե Բարսեղյանը և Սիրարփի Մուրադյանը, ինչպես նաև բոլոր մասնակիցները արժանացան դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի ջերմ խոսքերին ու բարձր գնահատականին: Գեղեցիկ ու բովանդակալից <<Բարեկամության կամուրջ>> միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց երկու ժողովուրդների միջև դարերից եկող ու այսօր էլ շարունակվող բարեկամության պահպանման անհրաժեշտությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.