News

Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ

Featured 2013-05-24

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ասել Վերջին դասի կապակցությամբ:

«Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
 
Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ:
 
Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ և միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու  ձեր  կոչումը: Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու  հայ ժողովրդին արժանի հետնորդներ:
 
Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին: 
 
Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը և իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգևեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:
 
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ»:
 
Աղբյուրը` edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.