News

Հայաստանի <<կապուտաչյա գեղեցկուհին>>

Educational 2016-10-13

Հայաստանի <<կապուտաչյա գեղեցկուհին>> ՝ Սևանը հնում անվանել են տարբեր անուններով` Սևանա ծով, Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով… Այն Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լիճը գոյացել է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխների ժայթքման հետևանքով: Ժայթքող հրահեղուկ զանգվածը, փակելով հնագույն գետի հունը, առաջացրել է կաթսա, ուր հետզհետե հավաքվել են ձնհալի ջրերը: 1938 թվականի որոշմամբ լճի ջուրը սկսվեց օգտագործվել հիդրոէներգետիկայի կարիքները հոգալու համար: Սևանն իր ուժն ու ավյունը, իր գեղեցկությունը զոհաբերեց հայրենի հողը շենացնելու համար, որի հետևանքով ջրի մակարդակն իջավ, փոխվեց ջրի ջերմաստիճանը, ինչը բացասաբար անդրադարձավ լճի կենդանական աշխարհի վրա, իսկ Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս 9-րդ դարում կառուցվել էր հայկական ճարտարապետության հայտնի հուշարձաններից մեկը` Սևանի վանքը, աստիճանաբար վերածվեց թերակղզու: Սևանը հանգստի լավագույն վայրերից է: Նրա սքանչելի դիրքը, արևի շողերն անդրադարձնող ջրի կապուտակ հայելին, հնադարյան հուշարձանները գրավում են բոլոր այցելուներին: Գեղարքունիքի մարզի Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանի աշակերտներն ու իրենց դասվար Արմենուհի Մելքոնյանը մեծ եռանդով ու խանդավառությամբ էին պատրաստվել ցուցադրական դասին, որի թեման Հայաստանի կապուտաչ գեղեցկուհին էր: <<Իշխանը>> պատմվածքը նրանց հնարավորություն էր տվել բազմակողմանիորեն ուսումնասիրելու և գովերգելու Սևանա լիճը, Գիլլի լիճը, նրանց տարածքում ապրող ձկնատեսակներն ու թռչնատեսակները: Երեխաները ապրում էին հերոսների կյանքով, ուրախանում և տխրում, հուզվում ու հիասթափվում, հավատում ու սպասում էին հերոսների հետ միասին: Նրանք կարողանում էին փնտրել և գտնել պրոբլեմային իրավիճակներից ելքեր, կատարում էին հստակ համեմատություններ, երազում ու հավատում էին այնպես, ինչպես կարող է միայն Սևանի ավազանի բնակիչը: Նրանք ոչ միայն հստակ կանխատեսեցին ստեղծագործության դեպքերը, զարգացրեցին իրենց աշխարհաճանաչողական գիտելիքները, այլ նաև մեկնաբանեցին բնության փոխկապակցվածությունը, բացատրեցին, թե ինչու է Սևանա լիճը համարվում Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքներից մեկը, ինչպես պետք է օգտագործել ինչպես քաղցրանամ գեղեցկուհու, այնպես էլ ողջ հայրենի բնության պաշարները, նրա տված բարիքները: Աշակերտների ստացած տեղեկություններն էլ բավական են, որ նրանք ամբողջ կյանքում սիրեն ու աչքի լույսի պես պահելով՝ հպարտանան իրենց ունեցած հրաշքով: Այսօրվա ցուցադրական դասը միշտ կմնա ոչ միայն աշակերտների հիշողության ու գիտակցության մեջ, այլ նաև դասին ներկա մյուս ուսուցիչների և դասվար Արմենուհի Մելքոնյանի, որի աչքերը փայլում էին գոհունակությամբ, հպարտությամբ ու բավարարվածությամբ, որ իր սաները սպունգի նման ներծծել են հայրենի բնաշխարհի վերաբերյալ այդ ողջ տեղեկույթը, գիտեն, թե ինչ է իրենցից ակնկալում ուսուցչուհին և ինչու:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.