News

Հպարտ հայացքով ապագային նայելու բանաձևը

Educational 2016-10-10

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում 2016թ. հոկտեմբերի 7-ին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրվել և պարգևների են արժանացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ուսուցիչները: Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հուշամեդալներով, որոնք հանձնել է ԱԺ փոխնախախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուսուցիչներին պարգևներ է հանձնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է միջոցառման` նմանատիպ ձևաչափով անցկացումը: «Ուսուցչի հիմնական պարտականությունը տեսակի շարունակությունն է: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Գյուստաֆ Լեբոն` ողջերի իրական տերը մահացածներն են: Երբ մենք մեծարում, կարևորում և արժևորում ենք անցյալը և մեր հերոսներին, ապա ապագային և մեր երազանքի կատարմանը կարող ենք նայել ավելի հպարտ հայացքով: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կարողանում են այս կարևոր գաղափարախոսությունը մեր դպրոցներում պահել, պահպանել և փոխանցել սերունդներին»,-մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը: Կրթության, ռազմահայրենասիրական դաստիրակության գործում ներդրած մեծ ավանդի համար և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ ԿԳՆ ոսկե հուշամեդալով է պարգևատրվել նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Արսենի Բաղդասարյանը: Դպրոցի ողջ կոլեկտիվը՝ հանձին տնօրեն Համլետ Խումարյանի, սրտանց շնորհավորում է սիրելի ուսուցչուհուն, մաղթում անսպառ եռանդ, ստեղծագործ միտք, ուժ և կորով՝ պատվով շարունակելու իր ազգանվեր առաքելությունը: Նյութը՝ edu.am կայքից

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.