News

Պարգևատրվել են լավագույն ուսուցիչը, տնօրենն ու դաստիարակը

Educational 2016-10-06

«Ուսուցչի օրվա» առթիվ կայացել է տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին:
Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. Մկրտչյանը նշել է. ««Ուսուցչի օրը» մեր երկրի անկախ պատմության ամենալավ տոներից է, որն իր մեջ ունի մեծ խորհուրդ:
 
Տոնի նպատակը ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել:
 
Աշխարհում այսօր մրցակցությունը մեծանում է, ուստի  ունենք նոր մարտահրավերներ՝ մեր կրթական համակարգը պահել այն մակարդակի վրա, որը ձևավորվել է հազարամյա քաղաքակրթության շնորհիվ: Ցավոք, մեր հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման կարիք ունենք:
 
Մենք իսկապես չունենք այլընտրանք, և մեր զարգացման միակ բանալին մեր ինտելեկտի, կադրային ռեսուրսի որակի բարձրացումն է, և այն շնորհակալ գործը, որ կատարում են ուսուցիչները, գնահատելի է»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը մրցանակներ է հանձնել տարվա լավագույններին:
 
«Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը, «Լավագույն դաստիարակ»` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հարությունյանը, լավագույն տնօրեն՝ Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.