News

Ինձ բացակա չդնեք

Educational 2016-10-03

2016 թ. սեպտեմբերի 15-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Հայկ Մինասյանի անունով բացվեց դասասենյակ իր իսկ սովորած դասարանում: Դասասենյակի մոտ պատվո պահակ էին կանգնել 9-րդ դասարանի տղաները: Զինվորական հագուստով նրանք հարգանքի տուրք էին մատուցում կարմիր ժապավենով երիզված դասարանի դռան մոտ: Դասասենյակի մոտ հավաքվել էին այդ դասարանում այս տարի սովորող V Գ դասարանի աշակերտները և իններորդցիները: Դասասենյակի բացման արարողությանը ներկա էին Հայկի ծնողները, քույրերը, հարազատները, Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, Սբ Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի սպորտի և կուլտուրայի բաժնի աշխատակից Ասատուր Սողոյանը, քանդակագործ Սարգիս Ղարիբյանը (Սևո): Մինչ դասասենյակի բացումը դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը բացման խոսքով ներկայացրեց դպրոցի նախաձեռնությունը՝ Հայկի անունով կոչել այն դասասենյակը, որտեղ սովորել է նա: Ասաց, որ դասարանում տեղադրվել է Հայկի կիսանդրին, որը քանդակելու հովանավորը նոտար Մամիկոն Ասլանյանն է, իսկ քանդակի հեղինակը՝ Սարգիս Ղարիբյանը: Այնուհետև դպրոցի տնօրենը և Հայկի հայրը կտրեցին դասասենյակի ժապավենը: Տեր Օհանը օրհնեց դասասենյակը, խոսեց մարդու էության, երկրային ու երկնային կյանքի գոյության մասին, կարդաց «Հայր մեր»-ը: Կիսանդրին բացեցին Հայկի հայրը՝ Սամվել Մինասյանը, և V Գ դասարանի ավագ Դան Աշուղյանը: Դպրոցի զինղեկ Վլադիմիր Մարդանյանը իր ելույթի ժամանակ խոսեց հերոսության, զինվորների կատարած քաջության ու հայրենիքին ծառայելու պատրաստակամության մասին: Հայկի մասին խոսեց Հայկի դասղեկը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Նա հակիրճ ներկայացրեց Հայկի կենսագրությունը: Հայրենասիրական բանաստեղծություններով ելույթ ունեցան նաև աշակերտները: Նրանց խոսքը հուզիչ էր և տպավորիչ: Երեխաների ելույթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհ դարձած բոլոր զինվորների հիշատակը, այնուհետև ծաղիկներ դրեցին Հայկի կիսանդրու առջև: Վերջում խոսեցին Հայկի ծնողները, քույրերը: Նրանք շնորհակալություն հայտնեցին դասասենյակը Հայկի անունով կոչելու, որդու հիշատակը անմահ պահելու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.