News

Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթը

Educational 2016-09-30

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում կայացել է «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:
Մրցույթն անցկացվում է արդեն 15 տարի անընդմեջ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար:
 
Մրցանակները հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող միջոցառումը, խորհրդանշական է համարել, որ այն անցկացվում է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
 
«Եթե գնահատելու լինենք անկախության 25 տարիները և եկեղեցու դերակատարումը, ապա կարող ենք առանձնացնել երկու կարևոր փաստ: Առաջին՝ պետականության 25 ամյակին նվիրված շքերթի ժամանակ հոգևոր գնդի հպարտ շարքերն էին, որ մեր զինվորների հետ միասին մտան հրապարակ, փաստելով, որ եկեղեցին ամբողջացնում է անկախության գաղափարը:
 
Երկրորդ՝ Հայ առաքելական եկեղեցու մնայուն ներկայությունն է կրթական ծրագրերում,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ ազգային կրթակարգի առաքելությունը հայ տեսակի շարունակությունն ու զարգացումն է, որն առանց Հայ առաքելական սուրբ եկեղեցու հնարավոր չէ իրականցնել:
 
«Եկեղեցին հայ տեսակի անքակտելի մասն է: Այն ուսուցիչները, որոնք դասավանդում են «Հայ ժողովորդի պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» կամ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» այդ տեսանկյունից շատ կարևոր ազգային առաքելություն են իրականցնում»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Նախարարը շնորհավորել է մրցույթում հաղթող ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք, բացի առարկայի ուսուցումից, աշակերտներին հոգևոր արժեքների փոխանցման և դրանով ազգային դպրոցի դիմագծի ձևավորման պատասխանատվությունն են կրում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.