News

Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները

Educational 2016-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ:
Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկություններն ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման   վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ:
 
«Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք  դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության  ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել  ենք  պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում  մայրենի լեզու սովորել:
 
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում: Ընդառաջելով  Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է  համայնքի ներկայացուցչին ընդգրկել  ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի,  նախարարության   մասնագետների և եզդի  ուսուցիչների հետ՝  քննարկելու  կրթության բովանդակային  խնդիրները:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.