News

ԻՏՁՄ-ն հայտարարում է ընդունելություն

Featured 2016-08-26

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2016-2017 ուսումնական տարվան ընդառաջ ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ: Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։
Հաջորդ երեք տարվա ընթացքում ուսանողները կստանան «Համակարգերի տեսություն»  մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան մասնագիտական կրթություն։
 
Ուսանողները կստանան Հայաստանի Հանրապետության հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
 
Բոլոր տարիների մեթոդաբանության հիմքում ընկած է ուղղահայաց` նախագծային ուսուցումը`  հենված միահավաք մոտեցման վրա, ինչպես նաև ներառվում են հետևյալ ուսուցման սկզբունքները և մոտեցումները՝
 
- աշխատանք իրական նախագծերի վրա՝ սկսած առաջին տարվանից,
- խմբային աշխատանք, համատեղ աշխատանքի և հաղորդակցության հմտություններ,
- ձեռնարկատիրական հմտությունների զարգացում,
- անհատական մոտեցում, անհատական կրթական ծրագրի կառուցում,
- համակողմանի ներդաշնակ զարգացում,
- առցանց կրթական և համագործակցային հարթակների օգտագործում,
- ինքնուսուցում և համացանցային որոնման հմտություններ:
 
Մասնագիտական առարկաները դասավանդում են ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները։ Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում՝
 
- ստանալու մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել      ստեղծագործական ու ձեռնարկատիրական հմտությունները,
- 19 տարեկանից մուտք գործելու աշխատաշուկա որպես մասնագետ, որն արդեն ունի կատարած նախագծեր և  փորձ: Ուսումնառության 30%-ն ուսանողները կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում,
- ուսումնառության ավարտին ստանալու աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում,  որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
 
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի, ուսանողները՝
 
- կճանաչեն նաև սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և    առանձնահատկությունները,
- կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
- ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար    ունակություններ, գիտելիք ու փորձ,
- կհստակեցնեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրներն այդ    նախագծերի իրականացման գործում,
- կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
- կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած մասնագիտացման և նախագծերի  շրջանակում,
- կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին,  մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
 
Ուսումնական ծրագիրն իրականացնում են ԻՏՁՄ-ն և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության շրջանակում:
 
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 30-ը: Ուսուցումն սկսվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:
 
Մանրամասների համար զանգահարել  (060) 464700 #1034, (055) 409809 հեռախոսահամարներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.