News

Շարունակվում են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները

Educational 2016-08-04

Ընթացքի մեջ են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որին մասնակցում են 19 երկրի հայկական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:

Խորհրդաժողովի շրջանակում Իրանի, Թուրքիայի, Աբխազիայի և Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության կազմակերպման հիմնական հայեցակարգային մոտեցումներն ու հիմնախնդիրները:

Հնչել են նաև «Հայապահպան գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները Սփյուռքում» և «Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը» թեմաներով զեկույցներ:

Խորհրդաժողովի մասնակիցներն աշխատել են նաև առանձին մասնախմբերով: Քննարկվել են Հայաստանում սիրիահայերի կրթության կազմակերպման ու ինտեգրման հիմնախնդիրները, արևմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, ծնողների հետ աշխատանքի կազմակերպման նպատակները, եղանակները և ձևերը՝ հայեցի կրթության ու դաստիարակության համատեքստում:

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.