News

«Հայաստան. ստեղծենք միասին»

Educational 2016-07-13

Տեղի է ունեցել «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «…Աշխարհն այսօր ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև քաղաքականության, մտածողության և քաղաքակրթական փոխհարաբերություններում անցնում է ցանցային տարբերակի: …Ցանցային գաղափարախոսությունը ենթադրում է տարածվածություն և ընդգրկվածություն:

Տարածվածությունն արդեն առկա է՝ համարյա բոլոր երկրներում ունենք հայկական համայնքներ, սակայն նույնիսկ այսօրվա կազմակերպված Սփյուռքի պայմաններում հայության բացարձակ մեծամասնությունը դեռևս ընդգրկված չէ հայկական ցանցում: Հայրենիքի շուրջ համախմբված հայությունը քայլ առ քայլ պետք է գնա ընդգրկվածության մեծացման ճանապարհով», - նշել է ԿԳ նախարարը:

Լևոն Մկրտչյանն ընդգծել է, հայ ժողովուրդը պետք է միավորվի մի քանի նպատակի շուրջ. «Առաջին նպատակը Հայաստանի ուժեղացումն է և նրա վստահ քայլը աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում: Երկրորդ՝ մենք պետք է հասնենք Արցախի ազատամարտի հաղթական ավարտին: Երրորդ նպատակը Սփյուռքի ուժեղացումն է՝ արմատների գիտակցումը, պատմական արդարության վերականգնումը և պահանջատիրության հաստատումը»:

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Աշխատանքները կանցկացվեն «Բժշկություն և առողջապահություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հայկական շահերի պաշտպանություն և մամուլ» աշխատանքային խմբերում: Հավաքին կմասնակցեն 80 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Լիբանանից:

Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.