News

Շախմատ 64

Educational 2016-06-17

Հունիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում տեղի ունեցավ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա IVբ դասարանի «Շախմատ 64» ավարտական միջոցառումը: Դասվար Փառանձեմ Խաչատրյանը կազմակերպել էր նորօրյա անկրկնելի միջոցառում՝ նվիրված շախմատին: Սովորողները շախմատը ներկայացրին որպես արվեստ, գիտություն և սպորտ: Հնագույն և իմաստուն խաղի վեց տեսակի «խաղաքարերը» «քայլում էին» 64 սև և սպիտակ խաղադաշտի վրայով: 16 զինվոր, որոնք ամենաթույլ խաղաքարերն են շախմատում, դարձան շախմատային միջոցառման անկոտրում ոգին: Մարտերում թրծված, քաջարի դարձած զինվորները երդվեցին պաշտպանել հայրենի հողը: Առաջնագծում էր զինվոր Ժորժ Վարդանյանը, որը հանդես եկավ Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգի փայլուն կատարումով: Խաղատախտակի թեթև ֆիգուրները՝ փղերն ու ձիերը, միասին ելան պայքարի, քանի որ ունեն ամուր կամք, անկոտրում հավատ, մեծ վստահություն թե՛ իրենց, թե՛ ընկերների նկատմամբ: Հեռահար խաղաքարերի՝ նավերը, ցամաքին չեն հարմարվում, բայց քանի որ հանգրվանել են հայ նշանավոր ծովակալ Հովհաննես Իսակովի անունը կրող դպրոցում, գտել են իրենց հաստատուն տեղը: Միջոցառումը ղեկավարում էին ուժեղագույն խաղաքարերը՝ արքաները, որոնք երբեք չլքեցին մարտադաշտը, պարահրապարակը սիրով տրամադրեցին ամենաուժեղ խաղաքարերին՝ թագուհիներին: Ուսումնական չորս տարիների ընթացքում ՀՀ կրթությանը զինվորագրված «գիտելիքի զինվորները» շնորհակալագրեր հանձնեցին իրենց դասավանդած բոլոր ուսուցիչներին: Դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը և տեր Վահան քահանա Ազարյանն աշակերտներին բաժանեցին կրթական ծրագրի առաջին աստիճանի հավաստագրեր, իսկ դասարանի ծնողական խորհուրդը դպրոցի սիրված տնօրենին հանձնեց «Արագ և կայծակնային միտք» հուշագիր-հավաստագիրը: Կար և՛ թախիծ, և՛ ուրախություն, և՛ երախտագիտության հետ շաղախված տրտմություն առաջին ուսուցչուհուն հրաժեշտի խոսքեր ասելիս, սակայն կար հպարտություն և վստահություն, որ մեր աշակերտները կայուն գիտելիքներով, լավ ձևավորված արժեհամակարգով ոտք են դնում միջին դպրոց:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.