News

««Այբբենարան» նավի ճանապարհորդությունը» խորագրով միջոցառում

Educational 2016-06-08

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի դահլիճում ուրախ տրամադրություն էր թևածում, իսկ դահլիճը լի էր աշակերտներով, ուսուցիչներով և ծնողներով: Առիթն իսկապես տոնական էր: Բոլորը եկել էին մասնակցելու Iբ դասարանցիների ««Այբբենարան» նավի ճանապարհորդությունը» խորագրով միջոցառմանը: Մեսրոպաշունչ տառերին արդեն ծանոթ և գրել-կարդալ իմացող առաջին դասարանցիներն այս մեկ տարվա ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները ծնողներին և միջոցառման մյուս հյուրերին ներկայացրին փոքրիկ բեմականացման միջոցով: Բեմականացման մասնակիցները մարմնավորել էին տարբեր հեքիաթների հերոսների: Մոխրոտը, Ոսկե ձկնիկն ու Ծերուկ ձկնորսը, Կոկորդիլոս Գենան, Ճառասաց մկնիկը, Ճպուռն ու Մրջյունը, Անխելք մարդն ու Գայլը, Ջրահարսը, Երեք խոզուկները, Քաջ Նազարն ու Ուստիանը, Բուրատինոն և Մալվինան, Կարմիր գլխարկը, Շունն ու Կատուն և այլն, ճամփորդում էին մեկ նավով և փնտրում դեպի գիտելիքների աշխարհ տանող բանալին: Միջոցառումը, որն իր բնույթով աննախադեպ էր դպրոցում, անտարբեր չթողեց ոչ ոքի: Մեծ է ուսուցիչների դերը փոքրիկների կրթության և լուսավորության, նրանց աշխարհընկալման ու հայացքների ձևավորման գործում: Դասվար Քրիստինե Խաչատրյանն ամեն ջանք գործադրում է իր առաքելությունն անխախտ իրականացնելու համար: Դա զգում են նրա աշակերտները, իսկ ծնողները գնահատում և երախտիքով են ընդունում իրենց երեխաների կրթության գործում նրա կողմից ցուցաբերվող եռանդն ու նվիրվածությունը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.