News

Միջոցառում «Հայաստանի ճամփեքով» խորագրով

Educational 2016-06-03

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում մայիսին տեղի ունեցավ «Հայաստանի ճամփեքով» խորագրով միջոցառում IIIա դասարանի աշակերտների մասնկացությամբ: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի դահլիճում, որը ձևավորված էր շատ գեղեցիկ և թեմային համահունչ: Բեմի դիմացի պատին փակցված էր Մասիսների գեղանկար կտավը: Նկարի երկու կողմերը ձևավորված էր բոլոր մարզերի անուններով, որոնք գրված էին եռագույն դրոշի նկարի վրա՝ շրջանիկներում: Բեմին առանձնակի շուք էին տալիս եռագույնի գույներով ձևավորված փուչիկները: Բեմը զարդարում էր նաև Հայաստանի գերբն ու եռագույն դրոշը: Աշակերտները հագել էին դպրոցական համազգեստ, որին առանձնակի գեղեցկություն էին տալիս եռագույն դրոշի գույներով փակցված նշանները: Աշակերտները երաժշտության ուղեկցությամբ շարքերով գեղեցիկ բարձրացան բեմ: Նրանք սահուն, արտահայտիչ արտասանությամբ ներկայացրին պատմական Հայաստանը: Որից հետո շատ լավ կատարեցին օրհներգը: Ներկայացրին զինանշանը և եռագույն դրոշը՝ մեկնաբանելով նրանց խորհուրդը: Այնուհետև ներկայացրին քաղաքամայր Երևանը՝ հնամենի, բազմադարյան, բայց և նորօրյա գեղեցիկ քաղաքը, որը հանդիսանում է համայն հայության մայրաքաղաքը: Կատարեցին «Հե¯յ, ջան Երևան» երգը: Ներկայացրին Հայաստանի բոլոր սարերը, որոնցից առանձնակի ուշադրության արժանացավ գերված Մասիսը: Կատարվեց «Մենք ենք ու սարերը մեր» երգ-պարը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի բոլոր մարզերը իրենց ճարտարապետական կոթողներով և նշանավոր մարդկանցով, երգերի ուղեկցությամբ: Գեղեցիկ ասմունքով ներկայացվեց Արցախը: Ներկայացվեց Արցախի բովանդակալից, հիշարժան պատմությունը, նրա մշակույթն ու ճարտարապետությունը: Այնուհետև նորից անդրադարձան Հայաստանին, որն ունի ծիրանի գույն ու համ: Աշակերտները շատ լավ ներկայացրին հայի կողմից դարերով, սիրով պահված յոթ թանկ սրբությունները՝ գիրքը, Մասիսը, շինարար ոգին, հավատը, լեզուն, հայ ընտանիքը և ամենից վեր, ամենից լուսե՝ Մայր հայրենիքը: Աշակերտները շատ գեղեցիկ ու լավ էին փառաբանում մայր հայրենքին ու հերոս հայ զինվորին: Կատարեցին «Հայ - հայ» պարը: Միջոցառման վերջում անդրադարձան հայոց բանակին, նրա հերոս զինվորներին, որոնք փառք ու պատվով կատարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Միջոցառումն ավարտվեց «Կռիվ ենք գնում ախպերս ու ես» երգով, որը կատարվեց լավ ու հուզեց հանդիսատեսին: Այնուհետև տիկին Մարտիրոսյանը իր եզրափակիչ խոսքը ասելուց հետո, հիշեց ապրիլյան հերոսամարտում նահատակված հերոս զինվորներին և մեկ րոպե լռությամբ ոտքի կանգնած հարգեցին նրանց փառապանծ հիշատակը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.