News

Դպրոցին առնչվող խնդիրներն օրակարգում

Educational 2016-05-24

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ, հանդիպում ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, հանդես եկել ծավալուն ելույթով:
Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: «Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձևավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար… »,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Նախարարն ընդգծել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է՝ «Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլագիական որոշակի կարողություններ, միանգամից ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ…»: 
 
Անդրադառնալով ավագ դպրոցների խնդրին՝ նախարարը խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: 
 
«Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: 
 
Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը, դպրոցների ֆինանսավորման խնդիրներին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.