News

2013թ. Երևանի բոլոր դպրոցները կստանան 20 մեգաբիթ արագությամբ ինտերնետ

Educational 2013-01-17

ՀՀ ԿԳ նախարարի՝ «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանի հետ այսօր կայացած հանդիպման նպատակը ՀՀ դպրոցներին տրամադրվող ինտերնետային ծառայության հզորությունների հետ կապված հարցերի քննարկումն էր:

Հայկ Եսայանը, որի ընկերությունն արդեն շուրջ 2 տարի է, ինչ ծառայություններ է մատուցում դպրոցներին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանի դպրոցներն ամբողջությամբ համակցված են համացանցին ու ստանում են ծառայություններ: Նրա խոսքով՝ այս տարի երևանյան բոլոր դպրոցներում ինտերնետային ծառայության հզորությունները շուրջ 4-5 անգամ կմեծանան՝ մինչև 20 մեգաբիթ արագություն կստանա ցանկացած դպրոց: 

Նա նաև տեղեկացրեց, որ Աբովյան քաղաքի դպրոցները ևս արդեն ունեն ինտերնետին միանալու հնարավորություն: 
 
«Մենք ամեն ինչ անելու ենք՝ աջակցելու կրթական ոլորտին՝ IT դասընթացների կազմակերպում, թրեյնինգներ, ուսուցիչների վերապատրաստում, ինչը կրելու է շարունակական բնույթ»,- խոստացավ նա՝ հայտնելով, որ այս ամսվանից սկսած՝ փուլ առ փուլ այդ գործընթացները կյանքի կկոչվեն: 
 
Արմեն Աշոտյանն իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ «Յուքոմը» կրթության նկատմամբ դրսևորում է հատուկ ուշադրություն՝ մատակարարելով գերարագ ինտերնետ նույն սակագնով, ինչով պարտավորվել էր մատակարարել ավելի դանդաղ ինտերնետ: 
 
«Մեզ համար սա անչափ ուրախալի լուր է: Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ու կարևոր է, որ դպրոցներում համապատասխան տեխնիկական միջոցները լինեն խիստ արդիական,- նկատեց ԿԳ նախարարը:- Հենվելով արդեն այս նախաձեռնության վրա` կկարողանանք ավելի հավակնոտ լինել թե այս տարի, թե գալիք տարի նախատեսվող էլեկտրոնային կրթական ծրագրեր իրականացնելու, հատկապես` հայալեզու էլեկտրոնային գերժամանակակից միջավայր ստեղծելու հարցում»,- համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը: 
 
Իր խոսքում ԿԳ նախարարը նաև ցանկություն հայտնեց, որ Հայաստանի շուրջ 4000 հարկատուներն իրենց իրական հնարավորությունների համաձայն` կրթության ոլորտում կիրականացնեն ներդրումներ և կունենան սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ դառնալով բիզնես-մշակույթի մաս:
 
«Շատ կարևոր է, որ վերջիններս հասկանան` կրթությունը պահանջում է ներդրումներ, որոնց բեռը պետության հետ միասին պետք է կիսի նաև մասնավոր հատվածը»,- հավելեց ԿԳ նախարարը: 
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.