News

Մայիսի 15-ը` ընտանիքի միջազգային օր

Educational 2016-05-20

Շարունակելով Գավառի ավագ դպրոցի բարձրաճաշակ, բազմաբովանդակ, հետաքրքիր, հուզիչ, ընդգրկուն, եռալեզու ցերեկույթներ կազմակերպելու ավանդույթները` դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ջ. Կուտեպովան տարբեր ենթահոսքերի դասարանների աշակերտների հետ միասին պատրաստել էր անակնկալ գունեղ մի պատմություն` նվիրված ընտանիքի միջազգային օրվան: Սկզբում կարճ ներկայացվեց տոնի պատմությունը: 1993թվ. ՄԱԿ-ի գերագույն խորհուրդը, գիտակցելով ժամանակակից աշխարհի անբարենպաստ պայմաններում ամուր ընտանիքի կարևորությունը, անհրաժեշտությունն ու պակասը, մայիսի 15-ը հռչակեց ընտանիքի միջազգային օր: Այս տարի տոնի խորագիրն է` «Ընտանիքի առողջ կյանք և կայուն ապագա»: Բեմի վրա տեղադրված էր ընտանիքի մեծագույն խորհրդանիշը և երիցուկը` որպես ընտանիքի, սիրո և հավատարմության նշան: «Семья» և «семя» բառերի համեմատությունը ամրապնդեց հանդիսատեսի մոտ այն գաղափարը, որ «մանուկ հասակում պետք է ծնողին լսել, երիտասարդ տարիքում` խորհրդակցել նրա հետ, իսկ հասուն տարիքում հոգ տանել նրանց մասին»: «Իմ տունն իմ ամրոցն է» ինտերակտիվ մրցույթում ներգրավվեց նաև դահլիճը` «աղյուսների» վրա գրելով ամուր ընտանիքը բնորոշող մեկ ամենակարևոր բառը` հայերենով, ռուսերենով, անգլերենով: Ունեցանք «բարություն», «համերաշխություն», «նվիրվածություն», «սեր», «հանդուրժողականություն», «փոխզիջում», «հոգատարություն» և էլի շատ կարևոր «աղյուսներ»: Գեղեցիկ խոսքեր, երգեր, պարեր, մանրապատումներ նվիրեցին մայրերին և հայրերին, տատիկներին ու պապիկներին, քույրերին ու եղբայրներին: Կարևորվեց նրանցից յուրաքանչյուրի դերը «ընտանիք-ամրոց» կայացման գործում: Ամբողջ ցերեկույթի ընթացքում հանդիսությունների սրահի կուլիսները վերածվել էին իսկական կախարդական սենյակի, որտեղից ժամանակ առ ժամանակ պատեհ առիթով հայտնվում էին անսպասելի, բայց շատ ցանկալի հյուրեր, ներկա գտնվող ուսուցիչների զավակներ կամ թոռներ` իրենց կամ ընտանեկան պարով, կամ գեղեցիկ երգով, ասմունքով, խորհրդի խնդրանքով: Նույնքան կախարդական էր էկրանի վերածված պատը, որտեղից իրենց մայրիկ-ուսուցիչուհիներին արտասահմանից, բանակից, հանրապետության այլ քաղաքներից ողջունում և շնորհավորում էին նրանց զավակները, մեր դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները: Հանդիսատեսի զարմանքը, ժպիտը, կարոտի և սիրո արցունքները և խորին շնորհակալությունը, աշակերտների նախապատրաստած գեղեցիկ անակնկալը ուսուցչուհի Ջ. Կուտեպովայի համար լավագույն պարգևն էր: «Փառքով բարձրացնենք, սիրենք, գուրգուրենք ու միշտ գովերգենք ծնողներին: Նրանք են ընտանիքի ապահով տանիքի ծանրության կրողնորը և «հայ» տեսակի շարունակությանը և հարատևմանը նպաստող հոյակերտ սյուները»: Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Բաբասյան

Գեղարքունիք, ք. Գավառի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.