News

Ցուցահանդես-միջոցառում Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոց

Educational 2016-05-13

Այն ամենը, ինչ զերծ է նյութականությունից, ավելի մոտ է Աստծուն, կարող է լինել միայն նորին մեծություն արվեստը: Այս բնաբանով էլ Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մեծ միջոցառում էր: Այն կազմված էր երկու մասից՝ ցուցահանդեսից և Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառումից: Սա նաև յուրահատուկ հաշվետվություն էր «Կերպարվեստ» խմբակի աշխատանքների: Հանդիսությունների դահլիճը վերածվել էր փոքրիկ պատկերասրահի: Դահլիճի պատերը զարդարված էին տարբեր տարիքի երեխաների գծանկարի, գունանկարի և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներով: Հատկապես աչքի էին ընկնում Եղոյան Սոֆյայի, Արշակյան Հասմիկի, Օհանյան Արամի և այլոց աշխատանքները: Դահլիճում տիրում էր գունային մեծ «հրավառություն»: Ներկաները տպավորված էին: Իսկապես, գույները մարդկանց մեջ երջանկության զգացողություն էին առաջացնում: «Գեղանկարչությունը բացբերան (գաղտնիք չպահող) արվեստ չէ,- գրել է Դելակրուան,- և դրանում է, ըստ իս, նրա բարոյական մեծ արժեքը: Գեղանկարչությունն առաջ է բերում առանձնահատուկ հույզեր, որպիսիք չի կարող ստեղծել ոչ մի այլ արվեստ: Այդ տպավորություններն ստեղծվում են գույնի, լույսի և ստվերի խաղի որոշակի դասավորությամբ, այսինքն՝ այն ամենով, ինչը կարելի է անվանել նկարի երաժշտություն»: Ցուցահանդեսին հաջորդեց հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառումը: Այն սկսվեց «Կռունկների» պարով, որը խորհրդանշում էր Սարյանի հայրենիք գալը: Այնուհետև ներկայացվեց Սարյանի կենսագրությունը, որը համեմված էր երգերով: Գույների մեծ վարպետի՝ ծաղիկներով նատյուրմորտների մասին խոսքերին հաջորդեց երեխաների աշխույժ պարը: Միջոցառման ավարտին հանդիսատեսին մեծ բավականություն պատճառեց «Գույներով» պարը:

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.