News

Միջոցառում Գավառի ավագ դպրոցում նվիրված Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցին

Educational 2016-05-13

Դպրոցի հանդիսությունների սրահում թևածում էր շեքսպիրյան ոգին: Գեղեցիկ ձևավորված բեմում պատանի դերասանները կարողացան վերարտադրել 16-րդ դարում Անգլիայում տիրող մթնոլորտն ու բարքերը`հանդիսատեսին ներկայանալով զուտ գեղեցիկ, սահուն անգլերենով: Ոգեշունչ խաղը, համապատասխան հագուստը, բեմական գեղեցիկ պահվածքը գերեցին ներկաներին: Նրբագեղ, մեղմ Դեզդեմոնան և Ջուլիետը, Լիր արքայի ապերախտ դուստրերը, հիասթափված Համլետն ու Օթելլոն, սիրահարված Ռոմեոն և լքված Լիրը` բոլորն էլ անզուգական և շատ տպավորիչ էին թե՛ բովանդակությամբ, թե՛ տեսքով: Սկսվեց Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցին նվիրված անգլալեզու այս ցերեկույթը մեծ անգլիացուն ուղված հարգանքի և խոնարհման խոսքերով: Բացահայտվեցին հետաքրքիր փաստեր նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ: Մասնակիցները պատմեցին սոնետի`որպես գրական ժանրի մասին, հետո հնչեցին սոնետներ ասմունքի և երգի տեսքով, կիթառի նուրբ նվագակցությամբ: Չմոռացան նաև պատմել Վ. Շեքսպիրի`իր վերջին հանգրվանը ոչ թե Վեսթմինսթերյան աբբայությունում, ինչպես կարգն էր, այլ իր ծննդավայր Սթրայդֆորդ քաղաքում գտնելու ցանկության մասին: Հանճարը պատվիրել էր իր տապանաքարին գրել հետևյալը. Օրհնվեն նրանք, ով իմ ոսկորները հանգիստ կթողնեն: Անիծվեն նրանք, ով այս քարերը կտեղաշարժեն: Այս ամբողջ գեղեցկությունը, ճաշակն ու տրամադրությունը, տեղափոխությունը ժամանակի և տարածության մեջ ապահովել էին դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գոհար Գուլաբյանն իր աշակետների հետ միասին: Իսկ նրանց կողքին, ինչպես միշտ, սրտացավ, օգնելու պատրաստ, շնորհալի գործընկերների խումբն էր: Մեզանում այդպես է ընդունված, և դա է մեր դպրոցի հաջողությունների գրավականը: Ներկայացման վերջաբանը մասնակից աշակերտներինն էր: Նրանք ինքնաբուխ անակնկալ մատուցեցին իրենց ուսուցչին` սիրո և երախտագիտության խոսքեր ուղղելով նրան: Եվ այդ ամենը կրկին Մեծն Շեքսպիրի հարազատ անգլերենով: Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Բաբասյան, օտար լեզուների մասնախումբ

Գեղարքունիք, ք. Գավառի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.