News

Քաջերը մահ չունեն

Educational 2016-05-12

Մայիս ամիսը կրկին հաղթանակ բերեց մեզ… Այդ հաղթանակները հեշտությամբ չեն ձեռք բերվում, այդ հաղթանակները փառքով են պսակվում, այդ հաղթանակները նաև բազում կյանքեր են խլում… Այսօր մենք և՛ ցավում ենք նրանց համար, և´ հիշում, և´ հպարտանում, և´ ապրում... Փա~ռք ձեզ, խոնարհ հերոսներ... Ձեր նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության յուրաքանչյուր օրը, ձեր ամուր կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ հայրենիքի գալիք ապագան: Դուք էիք, որ ձեր խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցիք և հպարտ մահով անմահացաք, Դուք էիք, որ զարկվիք մահով քաջի, սրբագրեցիք մեր պապերի երազանքները: Ձեր արյամբ վաստակած հաղթանակները հայի համար հետայսու հավերժ ապրելու հրամայական են: Անցել է 24 տարի. պատերազմը դեռ շարունակվում է: Կրկին կորուստներ… Կրկին ժողովուրդը, մեկ բռունցք դարձած, շարունակում է հերոսական, քաջարի պայքարը հանուն հայրենիքի, հանուն Արցախի անկախության… Հայոց բանակը և պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվարին փորձություն անցան, բազմաթիվ մարտահրավերների դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել: Այդ բանակը ուժեղ է, կայացած, մեր անկախության և ազատության համար մեր զավակների թափած արյամբ է զորավոր բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում հայրենիք և պետականություն… Փա~ռք ձեզ, փա~ռք ձեր անցած ճանապարհին… Այս բովանդակությունն ուներ Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Ալեքսանյանի կազմակերպած միջոցառումը` նվիրված Ջերմուկ քաղաքի բոլոր զոհված ազատամարտիկների անմահ հիշատակին և մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, փոխնախագահ Ս. Մարգարյանը, քահանա տեր Գալուստը, ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Ուսուցչուհու նպատակն էր աշակերտների մեջ սեր սերմանել Արցախյան պատերազմի հերոսների կատարած սխրանքների օրինակով: Հնարավոր չէ հայրենիքը սիրել առանց ճանաչելու հայրենիքը, նրա հերոսներին և նրանց սխրանքները: Հերոս նահատակներին «փոխարինել» էին դեռահաս ապագա զինվորները, ովքեր իրենց հոգու հուզմունքը հազիվ զսպելով, բայց առանձնակի հպարտությամբ էին խոսում նրանց կյանքի, սխրանքների մասին և փղձուկով իջնում բեմից: Հուզառատ մթնոլորտ էր տիրում դահլիճում, որին միախառնվում էին հայրենասիրական, ֆիդայական երգերը` հանդիսատեսին վարակելով հպարտության, երախտագիտության զգացումով: Հերոս նահատակների մասին իրենց հուշերը և տպավորությունները պատմեցին նրանց մարտական ընկերները, դասընկերները… Միջոցառումը ամփոփեց «Իմ անունն է հայկական բանակ» երգը, որը հավաքեց բոլոր մասնակիցներին, և դահլիճը ողողվեց մարտական խրոխտ երգով… Ավարտին քաղաքապետ Վ.Հովհաննիսյանը զոհվածների հարազատներին հանձնեց երախտագիտության հավաստագրեր:

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.