News

Փոփոխություններ փոխադրման, ավարտման և բացակայության կարգում

Educational 2016-05-12

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ փոփոխություններ են կատարվել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում»:
Նախարարի հրամանով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողն ստանում է հավաստագիր՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից:
 
Միաժամանակ սահմանվել է, որ 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և  «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: 
 
Նկատենք՝ նոր կարգով սովորողի հաջորդ դասարան փոխադրումը դյուրացվում է, քանի որ քննությունների թիվը նախկին հինգի փոխարեն դառնում է երկուսը: Միաժամանակ 11-12-րդ դասարաններում 80-120 ժամ բացակայությունների նախկինում սահմանված սահմանային շեմը հասցվում է 120-200 ժամի, որը նույնպես կարգում կատարված փոփոխությունների մեղմացնող դրույթներից է:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.