News

Հաղթանակների տողան 2016

Educational 2016-05-06

2016թ. մայիսի 6-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տողան՝ նվիրված Շուշիի ազատագրման 24-րդ և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարելիցներին: «Ամեն տարի մայիսը մեկնարկում է հայ ժողովրդի երկու փառահեղ հաղթանակների տոնով: Ես հպարտանում եմ իմ ազգի այդ հաղթանակներով: Համոզված եմ՝ բոլորդ եք հպարտանում: Այս մայիսին մեր ժողովուրդը հասավ ևս մի հաղթանակ ավելացրած մաքառումների ու գոյապայքարի սյուժետաշար դարձած իր պատմական կենսագրությանը: Խոսքս ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Եվս մեկ անգամ հայը ցույց տվեց աշխարհին, որ իր տեսակով ազնվազարմ է, մաքառող, տոկուն, անձնուրաց ու անձնվեր, հատկապես, երբ հայրենիքի, իր օջախի պաշտպանության պահն է, երբ վտանգված է իր ընտանիքի անդորրը, խաղաղ քունը, աշխարհը շենացնող ստեղծարար աշխատանքը: Ցավոք, կարծես թե ամեն սերունդ անցնում է կռիվներով ու գոտեմարտերով, անցնում է, որովհետև չի հանդարտվում մեր թշնամին, որը մեզ տրված է, երևի թե, պայմանական ճակատագրով: Այս տարի էլ թեժ մարտերով անցան մեր նորելուկները, որոնց մատաղ կրծքի տակ տրոփում է Առյուծ Մհերի ու Սասունցի Դավթի սիրտը: Հազար փառք մեր մատաղ դավիթներին, հազար փառք նրանց ծնող մայրերին, նրանց սնող հողին: Սակայն մեծ ցավ է մեզ համար, որ այս գոյապայքարը ևս խլում է մատաղ կյանքեր, անամոք վիշտ է բերում հայ մայրերին, մեր ողջ ազգին: Մեր դպրոցն անմասն չէ հայոց փառապանծ բանակ գործուղած զինվորների գործում, մեր սաներից շատերն են այսօր մարտի դաշտում: Ցավոք, մեր դպրոցն անմասն չէ նաև կորստի մեջ: Մի քանի օր առաջ մենք դեպի հավերժություն ճանապարհեցինք մեր Հայկ Մինասյանին: Խորապես սգում ենք բոլորս: Ու թեև չենք կարող սփոփել նրա հարազատներին, քանզի այդ վիշտը փարատելի չէ, բայց իմ սիրելի սաներին պարտավորեցնում եմ սատարել նրա ընտանիքին այսօր՝ խորին պատկառանքով նրա մոր հանդեպ, նրա ընտանիքի անդամներին մի քիչ քույրություն ու եղբայրություն անելով, իսկ հետո, երբ մեծանաք, կուզեի, որ փոքր-ինչ ուսեք նաև այդ ընտանիքի հոգսը: Այսօր հպարտանում ենք մեր ընկեր Անդրեասյանով, ընկեր Բաբկենով և ընկեր Արթուրով, որ գնացին նորեկ զինվորների կողքին կանգնելու: Հպարտանալու բան շատ ունենք: Շատ ունենք նաև անելիքներ: Դո´ւք, սիրելի աշակերտներ, այսօր կարող եք հայրենիքին օգնել գիտելիքի ու խոհեմության մարտադաշտում: Մեր ազգը, առավել քան մեկ ուրիշը, վաստակել է խաղաղ ապրելու իրավունքը: Բայց դեռ պայքարի ժամանակն է: Լինենք խելացի, լինենք ուժեղ, լինենք տոկուն և աշխատասեր, և համոզված եմ՝ ապագա սերունդները կունենան հաղթանակած և խաղաղ կյանք»: Դպրոցի տնօրեն՝ Համլետ Խումարյան

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.