News

Բաց դաս-միջոցառում

Educational 2016-05-05

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի VII դասարանում բաց դաս-միջոցառում էր՝ նվիրված Համո Սահյանի պոեզիային: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծաղիկ Սիմոնյանը: Այն նվիրված էր հայոց քաջազուն զինվորին, որն իր կյանքի գնով պահում է իր հայրենի հողը՝ Արցախ աշխարհը, նենգ ու վայրագ ազերիներից: Միջոցառումը վերնագրված էր «Ինձ բացակա չդնեք» սահյանական խորիմաստ խորագրով: Այն համահունչ էր այդ օրերի չհայտարարված քառօրյա պատերազմի իրադարձությանը, երբ հայոց բանակը ևս մի անգամ թշնամուն ցույց տվեց իր դյուցազնական անպարտելի ուժը, հայկական ոգու զորեղությունը: Դասասենյակը ձևավորված էր սահյանական և հայոց բանակին նվիրված տեսանյութերով՝ գրատախտակին նկարված էր Արցախի խորհրդանիշը՝ տատիկի և պապիկի պատկերը, Սյունաց աշխարհի չքնաղագեղ բնությունից դրվագներ, սահմանը հսկող հայ զինվորի նկարը: Այս ամենը 8-րդ դասարանի աշակերտ Ֆիդանյան Ռոբերտի շնորհալի ձեռքի արդյունքն էր: Ասմունքի ընթացքում թևածում էր Տիգրան Մանսուրյանի հոգեթով երաժշտությունը և ձուլվում էր մեծ քնարերգուի կախարդիչ ու մարդու հոգու աշխարհը թափանցող տողերին: Հնչեցին Սահյանի լավագույն բանաստեղծությունները՝ «Կգամ», «Ինքս ինձ պես», «Օրը մթնեց», «Անունդ տալիս», «Դուք լավն եք, մարդի՛ք», «Մասրենի » ու մի շարք այլ անմահ գործեր: Դրանք գրված են բոլոր ժամանակների համար և իրենց մեջ ամփոփում են հայրենապաշտություն, մարդ-արարածի մաքուր ու անկեղծ լինելու գաղափարի արտացոլումը, բարության հաղթանակը: Ասմունքող աշակերտները գերազանցում էին մեկը մյուսին: Նրանք մեծ զգացումով ու ոգևորությամբ կենդանացնում էին բանաստեղծի մեծ խորհուրդ ունեցող խոսքերը: Կարծես Սահյանի շունչը թևածում էր ամենուր: Մենք՝ ուսուցիչներս, ըմբոշխնում էինք ու վայելում մեծ բանաստեղծի անմահ գոհարները, որոնք դեպ հավերժություն գնացող մեծ խորհուրդ ունեն: Այո', բանաստեղծի մարգարեական մտքերը մարդուն ստիպում են խորհել. մարդը նման է ծաղկին, երբ այն թոշնում է, իրենից հետո մնում է նրա անուշ բուրմունքը, մարդն անցողիկ է, նրա բարի գործը՝ մնայուն: Բաց դաս-միջոցառումը կայացած էր և, անկասկած, ծառայեց իր նպատակին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին իր բաց դասերն ու միջոցառումներն ամեն անգամ մի նոր ավյունով ու հետաքրքրությամբ է ներկայացնում, և ներկաներն ստանում են հոգեկան մեծ բավականություն և գեղագիտական հաճույք:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.