News

Հայ հանդբոլիստուհիները գրավում են Եվրոպան

Sports 2013-05-15

19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը այսօր` մայիսի 15-ին, կմեկնի Ավստրիա` մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:

Վիեննայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Մարզուհիներին բաժին են ընկել ուժեղ մրցակիցներ, սակայն աղջիկները լավ մարզավիճակում են:

Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնել են, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հայ հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող երեք մարզուհիներ: Նրանք իրենց խաղընկերներին կմիանան  մրցավայրում: Ի դեպ, այս տարիքի հայ հանդբոլիստուհիները նորամուտ են նշելու եվրոպական ստուգատեսում:

Հայաստանի պատվիրակության կազմում են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ Աննա Մելքոնյանը (գլխավոր քարտուղար), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա):

Հայաստանի կազմում հանդես կգան դարպասապահներ Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը, մարզահրապարակի խաղացողներ Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը (Ֆրանսիա), Լորենա Կորկոտյանը (Ֆրանսիա):

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.