News

Հողի կանչը

Educational 2016-04-28

Պատերազմական գոտում գտնվող մեր հինավուրց հայրենիքում չափազանց կարևոր է դեռևս վաղ մանկության տարիներից սկսել և դպրոցում ավելի ևս ամրապնդել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, չէ որ հենց հայ մտքի դպրանոցում է կերտվում ապագա զինվորի անկոտրում հոգին, ում սրբազան պարտքն է անառիկ պահել մեր երկրի սահմանները: Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում հաճախակի են կազմակերպվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, որոնցից իր ծավալով և բովանդակությամբ առանձնանում էր «Հողի կանչը» խորագիրը կրող միջոցառումը` նվիրված մերօրյա հերոսներին և նրանց սխրանքի փառաբանմանը: Միջոցառումը կազմակերպվել էր տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ. Սանթրոսյանի ջանքերով և շարունակությունն էր մի քանի օր առաջ իրականացված այցը Եռաբլուր պանթեոն և Արմեն Հովհաննիսյանի «Փառքի անկյուն»: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռևս մինչ ապրիլյան դեպքերը, սակայն այս քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ շեշտեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայ կրթօջախներում: Այս պատերազմը ևս մեկ անգամ զգաստանալու կոչ արեց մասնակից աշակերտներին, և նրանք իրենց բեմադրությունը նվիրեցին նաև այս պարտադրված պատերազմին զոհ գնացած մեր դպրոցի շրջանավարտ Գևորգ Մղդեսյանի հիշատակին: Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր`նրանց թվում նաև զոհված զինվորներ Արմեն Հովհաննիսյանի մայր Մարինե Հովհաննիսյանը, Հրաչ Սարգսյանի մայր Աիդա Սարգսյանը, Պարույր Մելքոնյանի մայր Արմինե Սարգսյանը, զինվորականներ: Պատիվ ունեինք հյուրընկալելու նաև խիզախ հետախույզ Սարգիս Ստեփանյանին: Միջոցառումը հագեցած էր մեր հերոսների մասին պատմող տեսանյութերով, ռազմահայրենասիրական երգերով, իսկ գլխավոր դերում անընդհատ իր լավագույն զավակներին կորցնող Մայր Հայաստանն էր, ով վերստին հառնում է մոխիրների միջից`ապացուցելով, որ հայ ազատատենչ հոգին վախճան չունի: Նա նաև մշտարթուն աղոթող մայր է, ով հայրենադարձության կոչ է անում իր պանդուխտ որդիներին, քանզի արյան թանկ գնով սրբացված հայրենիքը շենացնել է պետք, հայ մարդը իրավունք չունի վտանգելու իր սերունդների ապագան, որովհետև այն հավիտենական արժեք է: Հյուրերը դահլիճից հեռացան հուզումնալից տպավորություններով և հայրենի օջախները երբեք թափուր չթողնելու հատատ որոշմամբ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.