News

Միջոցառում՝ Գավառի ավագ դպրոցում

Educational 2013-05-15

Սույն թվականի մայիսի 2-ին Գավառի ավագ դպրոցի էլեկտրոնային գրադարանում կազմակերպվել էր քննարկում` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին: 12-րդ իրավագիտական ենթահոսքի աշակերտները ներկայացրին արցախցու անցած դժվարին ճանապարհը, ինչի արդյունքում նա այս արևի տակ ազատ ապրելու իր իրավունքը վերստին նվաճեց:

Աշակերտները վեր հանեցին 1921թ. հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի ընդունած անարդար որոշումը, որի հետևանքով Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում: Տասնամյակներ ծխացող ազգային հիմնախնդիրը խորհրդային երկրի աքիլլեսյան գարշապարը դարձավ: 1988 թ. ծավալված շարժումը ծնեց այն Արցախը, որին երկար էր սպասել արցախցին: Աշակերտները փաստեցին, որ ԼՂՀ-ի հռչակումը ժողովրդի կամքի համընդհանուր դրսևորումն է և բխում է միջազգային իրավունքի կարևորագույն նորմերից մեկի` ազգերի ինքնորոշման իրավունքից:

Ուսուցիչ Ա. Զոլյանը անդրադարձավ աշակերտուհի Աննա Սաղաթելյանի «Արցա՛խ, իմ սեր, իմ հպարտություն» շարադրությանը, որը ԿԳՆ-ի կողմից արժանացել էր բարձր գնահատականի: Այնուհետև հայոց դրախտ երկրամասի մասին իրենց անջնջելի տպավորությունները կիսեցին այն աշակերտները, ովքեր երբևէ եղել էին Արցախում:

Քննարկման ավարտին աշակերտները պատրաստել էին անակնկալ` գործնական աշխատանքի տեսքով: Օր առաջ դասարանի աղջիկները պատրաստել էին արցախյան խոհանոցի խորհրդանիշ ժինգյալավ հացը, ինչը և հանձնեցին ուսուցիչների դատին: «Ավանդույթներին հավատարիմ» վերնագրով փոքրիկ տեսանյութը տպավորիչ էր, իսկ հացը` հաջողված:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.