News

Միջոցառում՝ Թեղուտի միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-15

Մայիսի 7-ին՝ տաք ու գեղեցիկ մի օր, Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի դահլիճը լեցուն էր հյուրերով, տատիկներով, պապիկներով: Անհանգիստ էին երիտասարդ ծնողները. ինչպիսի՞ն կլինի փոքրիկ I դասարանցիների ելույթը: Աննկատ սահեցին վարկյաններն ու րոպեները: Եվ ահա փոքրիկ I դասարանցիները ուրախ, գեղեցիկ մեղեդու հնչյունների ներքո հայտնվեցին բեմում: Ամենքը զարմացած էին, ախր այս կարճ ժամանակահատվածում ինչքան մեծացան, ինչքան հասունացան այս փոքրիկները:

Ահա նրանք ինքնավստահ և զիլ ձայնով արտասանում են, երգում, պարում և գեղեցիկ երկտողերով ու քառատողերով գովերգում հայ գրերը, նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին: Ինչ լավ է, որ նրանք հասցրել են դառնալ տառաճանաչ, գրաճանաչ, արդեն թվաճանաչ են, գիտեն տրամաբանել և վերլուծություններ կատարել, դատողություններ անել: Փոքրիկների աշակերտական ու բեմական կեցվածքը, ուրախ երգն ու պարը նրբորեն միահյուսվել էին միմյանց՝ բեմը վերածելով մանկական անզուգական մի մոլորակի, որտեղ գույներն այնքան վառ և տաք էին, մանուկների վերլուծությունների ու արժևորումները թոթովախոս էին ու շիտակ՝ հոգուց ծնված:

Բովանդակալից, ճաշակով ու գունեղ ձևավորումը միջոցառումը վերածեցին իրական հեքիաթի: Միջոցառման վերջին հատվածը հագեցած էր տիկնիկային ներկայացմամբ: Դասվար Մելանյա Պողոսյանը հիացած էր իր սաների ելույթով: Վերջում 1-ին դասարանցիներին շնորհավորեց տնօրեն Արգամ Թամրազյանը: Աշակերտներն էլ խոստացան մաքուր ու անաղարտ պահել մայրենին, իսկ փոքրիկ զինվորիկները երդվեցին, որ կդառնան քաջ զինվորներ ու հայրենիքի հզոր պաշտպաներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.