News

Կրթությունը մարդու կենսական իրավունքներից է

Educational 2016-04-22

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար: 
 
Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը: Ուզում եմ հավաստիացնել, որ կրթության համակարգում հայ-ամերիկյան համագործակցությունը լավագույն օրինակ դառնալու իրական հնարավորություններ ունի», -նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից նշելով` «Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կա նման տևական ու կենսական նշանակության գործընկերություն, որի հիմքում մեր այն ընդհանուր համոզմունքն է, որ կրթությունը մարդու կենսական իրավունքներից է»:
 
«Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում»,-նկատել է ԱՄՆ դեսպանը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերազանցության կենտրոններին, անգլերենի տարածման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, հակակոռուպցիոն ծրագրերի իրականցմանը, ինչպես նաև կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.