News

Դաս-միջոցառում «Միսաք Մեծարենց»

Educational 2016-04-21

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի XIբ դասարանում մարտի 31-ին ուսուցչուհի Հ. Նահապետյանը դաս-միջոցառում էր կազմակերպել հայ գրականությունից: Դաս-միջոցառման թեման Միսաք Մեծարենցի կյանքի և ստեղծագործության ամփոփումն էր: Դասարանը կահավորված էր աշակերտների պատրաստած պաստառով, գրություններով՝ «Սպասման հիվանդ հավերժի ճամփորդը», «Կատարյալ սեր, մերժել զերկյուղ»: Վերջին գրությունը գրականության թանգարանում պահված Մեծարենցի մոր մատանու վրա արված գրությունն է, որով էլ առաջնորդվել է բանաստեղծը ստեղծագործելիս: Դասարանը ողողված էր թարմ ծաղիկներով, որոնք մեծարենցյան բնապատկերներն էին հիշեցնում: Դաս-միջոցառումը տեղի ունեցավ համակարգչային դասարանում, որտեղ թևածում էր արևմտահայ խոսքը և տիրում էր ռոմանտիկ մթնոլորտ: Աշակերտները հանգամանալից ներկայացրին բանաստեղծի կենսագրությունը, ստեղծագործության ընդհանուր պատկերը, անթերի արտասանեցին Մեծարենցի գողտրիկ բանաստեղծությունները՝ բնությունը նկարագրող, սիրակարոտ և մարդասիրական՝ «Այգերգ», «Վայրի ծաղիկ», «Կայծեր», «Մթնշաղներ», «Մանիշակ և մամուռ», «Նավակները», «Մեղուները», «Արևին», «Ձմրան պարզ գիշեր», «Սիրերգ», «Վայրկյան», «Ջուրեն դարձին», «Համբույրի մը մեջ», «Աքասիաներուն շուքին տակ», «Ջրտուք», «Օ¯հ, գարունն է հյուղակին», «Երազի օրեր», «Իրիկունը», «Հյուղը»: Դաս-միջոցառումը ավարտվեց Մեծարենցի «Արդի մարդու հայր մեր»-ից «Տու¯ր ինծի, Տե՛ր…» բանաստեղծությամբ և համանուն երգի ունկնդրությամբ: Բանաստեղծությունների արտասանությանը զուգահեռ հնչում էին նաև համանուն բանաստեղծությունների խոսքերի համար գրված երգերը: «Վայրի ծաղիկ» երգի հետ աշակերտուհիները ներկայացրեցին հեզաճկուն մի պար: Ցուցադրվեցին հատվածներ Մեծարենցին նվիրված կինոնկարից, կենսագրությունից: Համակարգչային աշխատանքներով դաս-միջոցառմանը մեծ աջակցություն ցուցաբերեց ինֆորմատիկայի բազմափորձ և շնորհաշատ ուսուցչուհի Գայանե Գալստյանը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.