News

Գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայրության եվ գեղեցկության տոնին

Educational 2016-04-18

Ս/թ ապրիլի 8-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Ա դասարանում /դասվար` Ա. Ղումաշյան/ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիան սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված մեր զինվորների և ազատամարտիկների: «Տերունական աղոթքից» և «Տեր ողորմյա» հոգևոր երգից հետո աշակերտները Աստվածաշնչից ասացին այն տողերը, որոնցում Գաբրիել հրեշտակը հայտնում է Բարձրյալի որդու հայտնության մասին: Մոր մասին ասույթները, հայ դասականներից արտասանած բանաստեղծությունները, մորը նվիրված երգերը, միահյուսվելով գարնանային ծաղկաբույր շնչով տոգորված մթնոլորտին, հուզիչ ու անկրկնելի պահեր պարգևեցին և´ աշակերտներին, և´ նրանց սիրելի մայրիկներին: «Որքա~ն են միմյանց նման մայրերը՝ իրենց վեհ պատասխանատվությամբ ու անսահման սիրով, մանկան ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով ու զուտ մայրական հպարտությամբ, իրենց հանդուրժողականությամբ, կամքով ու կամեցողությամբ…»: Անկեղծ ու ջերմ խոսքերը, որ հնչում էին կրտսեր դպրոցականների շուրթերից, նույնիսկ արցունք կորզեցին ունկնդիրների աչքերից: Երեխաներն իրենց մայրիկներին մեկական ծաղիկ նվիրեցին՝ ի նշան սիրո և երախտագիտության: Միջոցառմանը ներկայացվեցին «Երեք մայրիկ», «Մայրիկի ծաղիկը» բեմականացված ելույթները. դրանք ընդունվեցին բուռն ծափահարություններով: Հանդեսն ավարտվեց ուրախ երկխոսություններով և աղջիկների հեզաճկուն պարով: Բոլորը տպավորված էին ու, կարծես, ավելի երջանկացած:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.