News

Դաս-միջոցառում՝ նվիրված մայրերգությանը

Educational 2016-04-18

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 11 դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները հանդես եկան մայրության թեման ներկայացնող դաս-միջոցառմամբ` ուրույն նվեր մատուցելով մայրերի տոնի առթիվ: Հայ գրականության մեջ քիչ չեն մորը փառաբանող, գովերգող ստեղծագործությունները, սակայն, հաշվի առնելով երեխաների ծրագրային թեմաներն ու արտադասարանական ընթերցանությամբ ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, առանցքային էին Ավ.Իսահակյանի և Հ.Շիրազի ստեղծագործությունները, թեպետ հնչեցին նաև այլ հեղինակների ստեղծագործություններ: 20-րդ դարի երկու մեծ քնարերգուների մայրական թեման արծարծող ստեղծագործությունները նոր շունչ առան երեխաների ներկայացմամբ: Հնչեցին հեղինակների ստեղծագործությունների բառերով գրված երգեր` պարային բեմադրությամբ: Միջոցառման սկզբում ներկայացվեցին հեղինակների կենսագրական կարևոր տեղեկություններ, <<Մտքերի տարափ>>-ի միջոցով ամբողջացվեցին մորը բնութագրող հիմնական գծերը: <<Հեղինակի աթոռ>> մեթոդական հնարի օգնությամբ հնարավորություն տրվեց հարցեր ուղղել հենց իրենց` հեղինակներին: Միջոցառումը նախատեսված էր ապրիլի 7-ի տոնին ընդառաջ, սակայն, հաշվի առնելով տիրող աշխարհաքաղաքական դրությունը, ողջ հայությանն զբաղեցնող Արցախ աշխարհի խաղաղությունն ու հայ մայրերի համար օրհասական պահը, միջոցառումը նպատակաուղղվեց պատերազմի ու խաղաղության թեմային: Միջոցառման նախաձեռնող հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Սոխակյանի և սաների համատեղ որոշմամբ դաս-միջոցառումը նվիրվեց բոլոր այն մայրերին, որոնց որդիները քաջաբար դիմակայեցին թշնամու հարվածը` վճարելով սեփական կյանքով:

Լոռի, ք. Ալավերդու թիվ 11 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.