News

Միջոցառում՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-05-14

Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում մայիսի 10-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հաղթանակի օրվան նվիրված, այն կրում էր «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես սիրում եմ իմ երկիրը ու հպարտ եմ, որ հայ եմ» խորագիրը: Միջոցառումը կազմակերպել էր փոխտնօրեն Մայա Ոսկանյանը և կազմակերպիչ Մինա Արզոյանը: Միջոցառման մասնակիցները անդրադարձան մեր լինելիության, պետական և հոգևոր խորհրդանիշներին:

Ավագ դպրոցի սաները գիտակցում և հասկանում են, որ մեր երկրի պատմությունը մեր իսկ կենսագրությունն է, և այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կրել է մեր երկիրը, կամա թե ակամա արտացոլված է մեր էության, մեր նկարագրի, մեր կենսակերպի մեջ: Ահա թե ինչու մեր ակունքները իմանալու, մեր անցած ճանապարհը հասկանալու համար պարտավոր ենք նախ և առաջ շերտ առ շերտ ճանաչել հայրենի հողն ու բնությունը և դրանք հավերժ կրել մեր մտքի ու սրտի մեջ: Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ժողովուրդ, այդ թվում նաև հայերը, հայրենի հողից բացի ունի իր լինելիությունը պայմանավորող այլ գործոններ, որոնք ձևավորում են նաև նրա արժեքային համակարգը և մտային կարողությունները: Մեր լինելիության, մեր գոյատևման կարևոր հենասյուներից է մեր լեզուն և վաստակաշատ բանասեր Ռաֆայել Իշխանյանը նշել է. «Իրոք, հայոց լեզուն հայ ժողովրդի հեռավոր անցյալի բանալին է»:

Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմությամբ բազմիցս ապացուցել է, որ իր հոգեկերտվածքով արվեստի ժողովուրդ է` ստեղծագործ մտքով, շնորհալի ձեռքերով, գեղեցիկի բնատուր զգացողությամբ: Քանզի այս միջոցառումը լիարժեք չէր լինի, եթե մասնակիցները անդրադարձ չկատարեին մեր գրականության և երաժշտության անբաժան մաս դարձած, ազգային մշակույթի գոհարներ հանդիսացող շարականներին: Ընթերցեցին հատվածներ մեր դարերի իմաստության և լավագույն որակների խտացումը մարմնավորող Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» անմահ պոեմից:
 
Հողից, լեզվից, կրոնից, նյութական և հոգևոր արժեքներից բացի կա նաև մեկ այլ արժեք, որ ժողովրդի հենասյուներից է. դա ոգին է: Այդ  անբացատրելի, այդ անմեկնելի, դժվար ըմբռնելի ուժն է, որ օգնում է մեզ հարատևել, որ չգիտես ինչպես, չգիտես որտեղից հայտնվում է անսպասելի, երբ սրվում է ժողովրդի գոյության վտանգը և անկարելին կարելի դարձնելով` ապրեցնում է մեզ,երբ թվում է` ապրել այլևս անհնար է: Այդ ոգին է, որ հողմի ու կայծակի պես շառաչել է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Գևորգ Մարզպետունու, Անդրանիկի, Գարեգին Նժդեհի խենթ երակներում, ու վերածնվելով մեր օրերի հերոսների մեջ` ապահովել է մեր գոյության իրավունքը այս արևի տակ:
 
Վերջապես, յուրաքանչյուրս լինելով հայ, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է պատվով կրենք միաժամանակ դժվար, բայց և պարտավորեցնող կոչումը:Նաև փորձենք հասկանալ Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերի իմաստը. «հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում  ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրապես հայրենասեր լինել, իսկ հոգեպես անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.