News

ՀԱՋՈՂՎԱԾ ԴԱՍ

Educational 2016-04-08

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը: Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի: Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան» (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա ),- այս կարգախոսով սկսեց իր մուտքի դասը Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Ալեքսանյանը 6-րդ դասարանում «Մայրենիի» դասը: Թեման Մ.Գալշոյանի «Կռունկ» ստեղծագործությունն էր: Դասի ընթացքը աշակերտակենտրոն էր. աշակերտները իրենք էին հայթայթել բոլոր նյութերը, որոնք ընդգրկում էին Կոմիտասի կյանքի, գործունեության, երգերի, նրա մասին հուշերի կարևորագույն մասը: Նրանք անդրադարձան նաև Կոմիտասի` մինչ իր կենդանության օրոք չտպագրված բանաստեղծություններին, այն երգերին, որ հավաքագրել էր Արևմտյան Հայաստանի հատվածից, որոնք հետո կոչնչանային ցեղասպանության պատճառով: Աշակերտները ունկնդրեցին և երգեցին Կոմիտասի «Կաքավիկը», «Լորիկը», «Անտունին»… Ուսուցչուհու հանձնարարությամբ աչքները փակ ունկնդրեցին «Կռունկ» երգը և արտահայտեցին իրենց երևակայությամբ առաջացած պատկերները երաժշտության հնչյունների տակ` զգալով պանդուխտի ծանր ապրումներն ու անափ կարոտը իր երկրի, հարազատների նկատմամբ: Աշակերտները աղերս ստեղծեցին, արդիականացրին պանդխտության թեման` կապելով այսօրվա արտագաղթի հետ: Նրանք արտահայտում էին իրենց անկեղծ մտքերը, կարոտը արտերկրում աշխատանքի մեկնած հայրերի, հարազատների նկատմամբ: Այնուհետև «դերային խաղով»` տարբեր «հեռուստաալիքների լրագրղները» հետաքրքիր հարցեր հղեցին Կոմիտասին, և նրանց հարց ու պատասխանից տեղեկացված «հեռուստադիտողները» ամփոփեցին այն ամենը, ինչ իմացան երգահան, երաժիշտ- բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական հիմնադիրի, հայ մշակույթի Մեսրոպ Մաշտոցի` Կոմիտասի մասին: Դասի ավարտին աշակերտները աղոթքի նման խմբով արտասանեցին Կոմիտասին հրաշալի բնութագրող Պ.Սևակի հետևյալ տողերը. Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը, Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը, Ամենամեծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ, Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը: Հայոց և օտար լեզուների մասնախմբի նախագահ` Հ.Հարությունյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.