News

Պոեզիան մեր կյանքում

Educational 2016-03-23

1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հայտարարեց Պոեզիայի միջազգային օր: Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում մարտի 21-ին թևածում էր պոեզիան: Օրն սկսվեց 11 հ1 դասարանի բաց դասով՝ «Ի՞նչ է բանաստեղծությունն ինձ համար»: Մթնոլորտը պոետիկ էր, փակցված էին մեծերի ասույթներ բանաստեղծություն հասկացության և բանաստեղծի կոչման մասին, նկարներ, թեմատիկ պաստառներ և այլն: Աշակերտները հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, իտալերենով ներկայացրեցին սիրելի բանաստեղծներից ընտրած ստեղծագործությունները՝ սեփական մեկնաբանություններով: Դասին ներկա ուսուցիչներն ունկդրեցին Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկանի, Ա. Պուշկինի, Մ. Ցվետաևայի, Կ. Սիմոնովի, Ա. Ախմատովայի, Է. Պոյի, Դ. Ալիգիերիի, Ու. Շեքսպիրի ստեղծագործությունները: Դասն ավարտվեց բանաստեղծությունը վերլուծելու վարպետության ուսուցմամբ, որի նյութն էր «Ե. Չարենցի Անվերնագիր» բանաստեղծությունը: Այն խորհրդանշում էր գրողի հավերժության գաղտնիքը: Նույն օրը Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 7 «ա» դասարանի աշակերտները դասղեկ Լուսինե Թադևոսյանի ղեկավարությամբ կազմակերպել էին խոնարհումի և ոգեկոչման ցերեկույթ` նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Դժվար թե գտնվի մի հայ, որը ծանոթ չլինի մեծանուն գրողի ստեղծագործություններին, գոնե մեկ անգամ կյանքում լաց եղած չլինի Մարոյի համար, Գիքորի համար ցավով չհամակվի և լեռներում Սաքոյին չփնտրի: Աշակերտների շուրթերով բեմահարթակից հնչեցին մեծ լոռեցու բանաստեղծությունները, խոհերն ու մտորումները: Միջոցառմանը ներկա էին և իրենց բարեմաղթանքի խոսքերն ու օրվա խորհուրդը ներկայացրեցին բանաստեղծուհիներ Լենա Անթառանյանը և Ռուզաննա Հովասափյանը, դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ Անահիտ Իսկանդարյանը: Միջոցառման վերջում ամփոփվեցին «Լավագույն ստեղծագործող» և «Լավագույն ասմունքող» մրցույթները: Հաղթողներին հանձնվեցին հուշ-գրքեր և պատվոգրեր:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.