News

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Educational 2016-03-19

Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը: Գ.Նժդեհ Մայրենի լեզուն ինչպես ամեն մի ազգի, այնպես էլ հայ ժողովրդի համար ազգային էության և ինքնության ամենակարևոր վկայությունն է, ոգու ամենավառ դրսևորումը, մեր պատմության ու անցյալի կախարդական բանալին: Հայոց լեզուն մեր հոգեկան կարողությունների գանձարանն է, հոգին և հոգեբանությունը: Եվ քանի որ այն մեր ինքնության պահպանման և մշտագոյության երաշխիքն է, դարերով մաքառումների ճանապարհ անցած, և մեզ ժառանգված մեր նախնիներից, մենք պետք է մաքուր, անեղծ պահենք-պահպանենք և արժանապատվորեն հանձնենք հաջորդ սերունդներին: Խիստ արդիական է հնչում այն խոսքը, թե` «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես», բայց պետք է նախ մտածել հայերեն և ապրել հայեցի: Պետք չէ թերագնահատել որևէ օտար լեզու կամ գերագնահատել սեփական լեզուն, ուղղակի զերծ մնալ օտարամոլությունից: Օրը Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմնական դպրոցում բացվեց տոնական տրամադրությամբ. մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում էր: Աշակերտները բովանդակալից և հանգամանորեն ներկայացրին լեզվի դերը մարդկության հասարակության մեջ` որպես հաղորդակցման կարևոր միջոցի` սկսած «բաբելոնյան աշտարակաշինությունից» մինչև գիտականորեն հիմնավորված հնդեվրոպական լեզվաընտանիքի` մայրենի լեզվի առանձին ճյուղ լինելու մասին: Միջոցառման երկրորդ մասը վիկտորինան էր` երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն հարցերով, որի նպատակն էր վեր հանելու այդ լեզուներում եղած ընդհանրությունները` որպես նույն լեզվաընտանիքին պատկանող լեզուների, միաժամանակ ստուգելու աշակերտների իմացությունը այդ լեզուներից: ժամանակակից տեխնոլոգիայի սարքերի միջոցով մեջբերված նորությունների և տեղեկատվության շնորհիվ ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծվեց դահլիճում, մանավանդ երբ տարբեր հարցերով միջոցառմանը ընդգրկվեց նաև հանդիսատեսը: Ընթացքում աշակերտների շուրթերից մայրենի ոսկեղենիկ լեզուն հնչում էր մերթ որպես աղոթք և երդում, մերթ որպես երախտագիտություն ու խոստովանություն, մերթ հպարտություն և սուրբ պարտք ու պարտավորություն: Մայրենի լեզվին նվիրված օրը չպետք է եզակի լինի. այն պետք է լինի ամեն օր և ամենուր` դպրոցում, ընտանիքում, փողոցում…., որպեսզի մի´շտ հնչի մաքուր ու անաղարտ…… …ՈՐ ԶՐՆԳԱ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՀԱՎԵՏ ՊԱՅԾԱՌ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Ալեքսանյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.