News

Բաց դաս ինֆորմատիկայից

Educational 2016-03-16

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում ուսուցչուհի Ս. Թամազյանն անցկացրեց բաց դաս ինֆորմատիկա առարկայից: Դասի թեման ալգորիթմն էր: Դասարանը բաժանված էր խմբերի՝ ալգորիթմի տեսակների անվանումներով՝ գծային, ճյուղավորված և ցիկլային: Ողջ դասն ուղեկցվում էր համակարգչային ցուցադրմամբ: Դասի թեման տրվեց նկար-հանելուկի/ռեբուսի/ օգնությամբ: Աշակերտները պատմեցին ալգորիթմ բառի ծագման մասին: Այնուհետև տրվեցին ալգորիթմի սահմանման տարբեր ձևակերպումներ, աշակերտները բերեցին ալգորիթմների օրինակներ առօրյա կյանքից, թվարկեցին ալգորիթմի հատկությունները, ներկայացման ձևերը, տեսակները, ցույց տվեցին ալգորիթմի գրաֆիկական ներկայացման ժամանակ օգտագործվող բլոկներն՝ իրենց անվանումներով և նշանակությամբ: Շատ հետաքրքիր էր հետևյալ առաջադրանքը. տրված էին առակներ, ասացվածքներ բլոկ-սխեմաներով: Աշակերտները ըստ այդ սխեմաների ասում էին առածը կամ ասացվածքը: Ալգորիթմով էր ներկայացված նաև ֆիզկուլտ-դադարը: Աշակերտները լուծեցին թեմային համապատասխան էլեկտրոնային թեստեր, կատարեցին անհատական առաջադրանքներ, կազմեցին տրված կողմերով եռանկյան մակերեսը հաշվելու ալգորիթմը և բլոկ-սխեման: Վերջում թեմայի հիմնական հասկացությունների յուրացման նպատակով լուծեցին խաչբառ՝ համակարգչային ցուցադրմամբ: Ուսուցչուհին դասն ավարտեց հետևյալ խոսքերով. «Մեր ամբողջ կյանքը բարդ կառուցվածքով ալգորիթմ է: Մենք պետք է ձգտենք, որ մեր կատարած յուրաքանչյուր գործողություն լինի գիտակցված և հասցնի լավ ու ճիշտ արդյունքի»:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.