News

Կրթական խնդիրներն ու ձեռքբերումները նախարարի ուշադրության կենտրոնում

Educational 2016-03-12

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանի անդրանիկ մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳ նախարարն անդրադարձել է ոլորտում առկա հիմնախնդիրներին և արձանագրված հաջողություններին:
«Անկախացումից հետո հետևողական, շարունակական քայլերի շնորհիվ մենք կրթության ողջ համակարգն ապահովեցինք շղթայական կապով` նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն, ինչպես նաև դեպի գիտություն տանող շղթա, որոնցից յուրաքանչյուրն ընդունելի է միջազգային կրթության համակարգում:
 
Այսինքն՝ ունենք ամենակարևոր ձեռքբերումը` կրթության կառուցվածքը և շղթան: Սակայն այդ շրջանում եղել են դժվարություններ, բարդ փուլեր, որոնց ընթացքում երբեմն հնարավոր չի եղել պահպանել որակը…»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Նախարարն ընդգծել է, որ կրթական շղթայի մեջ կա երկու օղակ, որոնց չի հաջողվել ինքնահաստատվել՝ «Հայաստանում կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներն են` ավագ դպրոցների բեռնաթափումը և մագիստրոսական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ:
 
Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որն ավարտելով,  երեխան պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը: Ավագ դպրոցները պետք է այնպես բեռնաթափենք, որ դրանք վերածենք գերազանցության կենտրոնների, դառնան այն ուժը, որը կօգնի երեխաներին կյանք մտնել»:
 
Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ նախարարի՝ մագիստրոսական կրթությունն է, որը որակական առումով չի տարբերվում բակալավրի կրթությունից։ Լևոն Մկրտչյանը նշել է, որ մագիստրոսական կրթությունը բովանդակային առումով չի կարողանում ուսանողին կապել աշխատաշուկային:
 
Ասուլիսի ընթացքում հնչել են նաև այլ հարցեր, որոնք վերաբերել են ավագ դպրոցների, 12-ամյա կրթության, հակակոռուպցիոն ռազմավարության, համընդհանուր ներառականության, միասնական քննությունների, դպրոցներում դրամահավաքության բացառման և այլ խնդիրների:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.