News

Դու գեղեցիկ ես, իմ ոսկեղենի´կ, իմ հայո´ց լեզու

Educational 2016-02-29

Սյունիքի մարզի Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցում փետրվարի 17-ից մեկնարկեց մայրենիի շաբաթը` Մայրենիի տոնին ընդառաջ: Տարբեր դասարաններում կազմակերպվեցին մի շարք դաս-միջոցառումներ: Նպատակը մեկն էր` անաղարտ պահել ոսկեղենիկ մայրենին: Հենց այս խոսքերն էին հնչում մեր սաների շուրթերից` որպես երդում, որպես պատգամ, որպես հորդոր ... Այդ խոսքերն ավելի իմաստավորվեցին եզրափակիչ դաս-միջոցառման ընթացքում: Այն կազմակերպել էր 6-րդ դասարանի դասղեկ, մայրենիի ուսուցչուհի Նելլի Հովսեփյանը: Դասն ինտեգրված էր, և յուրովի նախաձեռնություն էր ցուցաբերել նաև անգլերենի ուսուցչուհի Արմենուհի Հակոբյանը: Նա կարևորեց նաև անգլերենի` որպես միջազգային լեզվի իմացությունը: Հնչեցին անգլերեն երգեր, արտասանություններ: Բայց այդ օրը առավելապես հնչեց մայրենին և´ գրաբար, և´ միջին հայերեն, և´ աշխարհաբար: Հնչեց ուժգին, հնչեց արժանապատվորեն: Հնչեց որպես մայրական կաթնաբույր մրմունջ, որպես հայ ժողովրդի նորածնության նվիրական ճիչ, որպես արարման և ստեղծումի աշխարհալուր ղողանջ: Հպարտ էին սաները, գոհ էր ուսուցչուհին, գոհացած` հյուրերը: Դպրոցի տնօրեն մայրենիի նվիրյալ Գոհար Հայրապետյանը հպարտ հայացքով էր նայում սաներին: Նա իր խոսքում հորդորեց, որ մայրենիով արտասանեն միայն արդարության խոսքեր, անաղարտ պահեն ժամանակի ակունքներից եկած մեր հայ լեզուն: Խորհրդանշական էր, որ <<Մեղու>> լեզվական մրցույթի հավաստագրերը այդ օրը ստացան մասնակիցները` տնօրենի ձեռամբ: ՄԿԱ փոխտնօրեն Լ. Նազարյան

Սյունիք, ք. Սիսիանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.