News

Բաց դաս՝ Վանաձորի թիվ 20 դպրոցում

Educational 2013-05-06

Ապրիլի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 20 հիմնական դպրոցում անցկացվել է բաց դաս «Հայոց լեզու» առարկայից: Դասի թեման էր «Բայ» թեմայի ամփոփումը:

Դասն անցկացվեց 2 դասաժամով. այն ընթացավ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Դասի սկզբում ուսուցչուհին հայտնեց դասի նպատակները. աշակերտները պետք է առանձնացնեին թեմայի առանցքային, գործնական, կիրառական նշանակություն ունեցող հարցերը, գիտակցեին` ընդհանուր թեմայից ինչ է յուրացվել, և ինչն է թերի մնացել: Ճանաչողական, տարբերակման և դիտարկման կարողությունների հետ կարևորվեց նախապես կատարված աշխատանքների արդյունքների ներկայացման հմտությունների զարգացումը: Արժեքային համակարգում դրված էր խոսքի զարգացման, բառերի շտեմարանի հարստացումը:

Նախապես հանձնարարվել էր ստեղծել սլայդներ ենթաթեմաների շուրջ` «Բայը գծակարգերում»: Զույգերը տեսական գիտելիքները միահյուսում էին կատարած գործնական աշխատանքներին:

Ապա աշակերտները դասագրքի «Կրկնողական տեքստային աշխատանք» բաժնից տեղեկություններ հայտնեցին երաժշտական որոշ գործիքների մասին, իսկ աշակերտներից մեկն արտասանեց Սիլվա Կապուտիկյանի` ժողովրդական երգի հիման վրա գրված «Քելե´, լաո՛» բանաստեղծությունը, որին դուդուկով նվագակցեց դասընկերը:

Նոր բառերով և տերմիններով հարստացնելով բառապաշարը` աշակերտները շարունակեցին աշխատանքը: Ներկայացվեցին բայի սեռը, դեմքը, թիվը, ժամանակը և եղանակը:

Դասի ավարտին աշակերտները գնահատեցին միմյանց առաջադրանքների կատարման և մասնակցության համար: Դասը հաջողված էր: Աշակերտներին գովեստի խոսքեր ասացին տնօրեն Կ. Աթոյանը և փոխտնօրեն Ա. Բաբուրյանը: Բարձր գնահատվեց նաև ուսուցչուհու աշխատանքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.