News

«Քիչ ենք, բայց հա՜յ ենք»

Educational 2016-02-25

Հայրենասեր և ազգային արժեքներով դաստիարակված սերնդի կրթությունը յուրաքանչյուր հասարակության կարևոր գործն է առանց որի լուծման թերի ու անկատար կմնան ազգային ինքնության ձևավորմանը միտված բոլոր ձեռնարկումները: Դրանում իր անփոխարինելի դերն ունի դպրոցը: Դպրոցներում հայրենասիրության դասերը երեխաներին ներկայացվում են տարատեսակ արտահայտչաձևերով և միջոցներով: Հայրենասիրական թեմաներով միջոցառումների շնորհիվ երեխաները կարող են ստանալ այնպիսի գիտելիքներ, նրանց մոտ կարող են ձևավորվել արժեքային այնպիսի որակներ, որոնք պետք է ուղեկցեն նրանց հետագա ողջ կյանքի ընթացքում: Ահա այդպիսի մի միջոցառում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում երրորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: «Քիչ ենք, բայց հա՜յ ենք» խորագրով ցերեկույթը հայեցի դաստիարակության, անկախ պետության արժանի քաղաքացու ձևավորմանը նպաստող յուրօրինակ միջոց էր: Մինչև ցերեկույթի բացումը հանդիսատեսը Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ ունկնդրեց Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հա՜յ ենք» բանաստեղծության գեղեցիկ ասմունքը: Այնուհետև նրանք հիացան երրորդ դասարանցիների պարային գեղեցիկ կատարմամբ: Մոնտաժը ծայրից-ծայր մեր հայրենի բնաշխարհի գովերգ էր, հայոց հինավուրց ժողովրդի անցած ուղու մասին պատմական ակնարկ: Երեխաները խոսեցին բոլոր այն բարբարոս հրոսակների մասին, որոնք եկել էին ջլատելու հայոց աշխարհը, թևաբեկելու մեր ուժերը տերունական, սմբակների տակ տրորելու հողը հայոց, ավերելու մեր սրբանվեր տաճարները և արյունով ներկելու մեր սուրբ երկիրը: «Խոսեցին քարից հաց քամող» մեր ժողովրդի հերթական արհավիրքի՝ 1915 թվականի կոտորածի մասին: Պատմեցին դարանակալած թուրք բարբարոսի որոշման մասին, որն էր Հայկական հարցից ազատվելը Հայաստան երկրում հայ չթողնելու միջոցով: Գովերգեցին մեր հնամենի երկիրը, հպարտացան մեր ժողովրդի ամենահաղթ ու մեծ ոգով: «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» երգը մեկ անգամ ևս ընդգծեց ազգի անկոտրում ոգով մաքառող տեսակ լինելը: Հայաստան աշխարհի անցյալի մասին ակնարկը հանդիսատեսին մտովի հասցրեց Էրգիր, որի կարոտը մինչև այսօր մխում է հայի սրտում և կանչում Մասիս լեռան լանջին պարելու Սասնո շքեղ պարերը: Երրորդ դասարանի աշակերտներն այնպես ոգևորված էին պարում Յարխուշտան, որ հանդիսատեսը նստած տեղից ակամայից շարժում էր ոսկորները: Օսմանյան պատերազմից կամաց-կամաց տեղափոխվեցին Արցախյան գոյամարտ, որից ևս մեր երկիրը պատվով դուրս եկավ: Իսկապես, քանի հայ մայրերը Անդրանիկներ ու Վազգեններ են ծնում, քանի հայ հանճարն արարում է ձեռակերտ և անձեռակերտ կոթողներ, չի ընկճվի հայի հոգին անկոտրում և չի խոնարհվի չարի դեմ, քանզի ունենք կայացած հայկական բանակ, քանի դեռ հայ զինվորներն իրենց ուսերի վրա արժանապատվորեն կրում են ազգի ապահովության պատասխանատու և դժվարին բեռը` մոռանալով վտանգն ու վախը: Այո՛, այսօր մեզ մնում է միաբանվել, պանդուխտ հայերին տուն կանչել և համատեղ ուժերով մեր անառիկ լեռների պես հպարտ քայլել դեպի մեր «վեհ երազի կատարը»: Ցերեկույթի ընթացքում հայկական երգն ու պարն այնպես էր համակցված, այնքան ոգևորված էին փոքրիկ հայկազունները, որ իրենց ոգևորությունն ու հայեցի ոգին փոխանցվեց հանդիսատեսին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.