News

Միջոցառում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

Educational 2016-02-20

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է,և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր, չէ՞ որ մեզանից շատ-շատերը գրքին ծանոթացել են հենց թումանյանական հեքիաթներով,մանկական բանաստեղծություններով: Օրվա առիթով Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ անցկացվեցին: Դասղեկները,տնօրինությունն ամեն կերպ փորձում են վերականգնել վաղեմի ավանդույթներն ու երիտասարդ սերնդին վերադարձնել գրքի հանդեպ կորցրած հետաքրքրությունը: Դպրոցի նախասրահում կազմակերպվեց ընթերցանության տոնավաճառ,իհարկե վաճառքն ուղղակի իմաստով չպետք է հասկանալ. կարևորը աշակերտների ուշադրությունն է, տոնավաճառը նպատակ ունի սեր, հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ: Միջոցառումն ուշագրավ էր նաև նրանով, որ հրատարակիչները հենց երեխաներն էին: Գրքեր պատրաստել էին աշակերտները՝միմյանց նվիրելով հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: Ուշագրավ միջոցառում էր կազմակերպել նաև 3-րդ դասարանի դասվար Ն.Հակոբյանը: 3-րդ դասարանի բոլոր աշակերտները գրքեր նվիրեցին առաջին դասարանցիներին՝ հորդորելով փոքրիկներին շատ կարդալ,սիրել գիրքը,անաղարտ պահել մայրենին: Միջոցառումն ուղեկցվեց փոքրիկ բեմադրությունով: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ.Արամյանի դասավանդած բոլոր դասարաններում իսկական տոնախմբություն էր. բոլոր դասերն ուղեկցվեցին զրույց- վիկտորինաներով,ասմունքով, լավագույն շարադրությունների ընթերցումով,գրքերի նվիրատվությունով,հեքիաթապատումով: 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները գնել են գրքեր դպրոցի գրադարանին նվիրելու համար: Ուսուցիչը հիշեցրեց,որ Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է,պետք է ճանաչենք գրքի արժեքը,հաճախակի ընթերցենք,որովհետև գիրքը միտք է և հոգի:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.