News

Տյառնընդառաջ

Educational 2016-02-19

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին տոնում է Տյառնընդառաջը, որը եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր անց: Նոր Հաճնի №1 հիմնական դպրոցը ևս անմասն չմնաց եկեղեցական այս ուրախ ծեսից և ըստ արժանվույն նշեց Տիրոջն ընդառաջ գնալու տոնը: Երկար դասամիջոցին ողջ աշակերտությունը և մանկավարժական կոլեկտիվը շտապեց դեպի դպրոցի գլխավոր սրահ, որտեղ հինգերորդ դասարանցիները՝ երգ ու պարի ուսուցչուհի Ն. Ռոստոմյանի գլխավորությամբ, հանդես եկան հրաշալի ելույթով՝ հիացմունք պատճառելով հանդիսատեսին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ հաջորդ դասամիջոցներին ևս դպրոցի պատերի ներսում հնչեց ազգային երգն ու պարը՝ ներգրավելով բոլոր ներկաներին: Ուրախ տրամադրությունը երեկոյան տեղափոխվեց քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ: Նորապսակների օրհնության կարգից հետո բոցավառվեց Տյառնընդառաջի խարույկը, որի շուրջը հավաքվեցին դպրոցի աշակերտները և վերստին հնչեցրեցին ուրախ երգն ու պարը: Շուրջպարին միացավ նաև եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանը: Աշակերտները , նախապես ծանոթ լինելով տոնի խորհրդին, ցատկեցին խարույկի վրայով, այն գիտակցումով, որ, չնայած տոնը ունի հեթանոսական արմատներ, այժմ արդեն վերաիմաստավորվել և դարձել է հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը: Ուշ երեկոյան արարողակարգի մասնակիցները, քահանայի օրհնությունը ստացած, գնացին վայելելու հանգստյան օրերը:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.